Մատչելիության հղումներ

Այսօրվա նիստում Կառավարությունը հավանության արժանացրեց «Օդային փոխադրումների բնագավառի ազատականացման հայեցակարգը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը:

Ներկայացնելով փաստաթուղթը` Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը հայտարարեց, որ ավիափոխադրումների ոլորտում Կառավարությունն առաջարկում է ազատականացման փուլային տարբերակ, որը «իր մեջ ներառում է ե'ւ պետական քաղաքականության առումով հայկական ավիափոխադրողներ ունենալու գաղափարախոսությունը, ե'ւ այն ազատականացման դրույթները, որոնք դրական են ազդում տնտեսության զարգացման առումով»:

«Կառավարությունը գտնում է, որ տվյալ ռազմավարությունը կարեւոր հնարավորություն է ընձեռնում ոլորտի քաղաքականության միջավայրում լուրջ փոփոխություններ կատարելուն: Այն աջակցում է Հայաստանի Հանրապետությունում նոր ավիափոխադրողների կայացմանը եւ հնարավորություն է ստեղծում ավիափոխադրումների գործունեության համար», - հավելեց նա:

Մովսիսյանի փոխանցմամբ` ոլորտի ազատականացման առաջին փուլի իրականացման համար նախատեսվում է մինչեւ 5 տարի. - «Կառավարությունը որեւիցե պատասխանատվություն չպետք է ստանձնի ավիաընկերությունների առջեւ հովանավորչական գործունեություն իրականացնելու առումով: Փուլային ազատականացման առաջին կարեւոր, առանցքային խնդիրը Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագրի մեկնարկն է: Այդ համաձայնագրով նախատեսվում են Եվրամիության անդամ երկրների հետ ազատականացման մեծ հնարավորություններ»:

Նա նշեց, որ այսուհետ օդուղիները տրամադրվելու են մրցույթների արդյունքում` չբացառելով, որ նույն ուղղությամբ թռիչքներ իրականացնեն մեկից ավելի ավիաընկերություններ. - «Այդ նպատակով մենք առանձնացնում ենք 3 հիմնական խմբեր, օդուղիների ուղղություններ, եւ ենթադրվում է, որ 3 ավիաընկերություններ պետք է տարբեր ուղղություններով ներկայացնեն հայտեր, մասնակցեն այդ մրցույթներին»:

Գործելու է նաեւ ուղղությունը հետ վերցնելու մեխանիզմը` եթե այն չի շահագործվում 6 ամիս շարունակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG