Մատչելիության հղումներ

Հունիսի 6-ին, երբ աշխարհում նշվում է Արամ Խաչատրյանի ծննդյան 110-ամյակը, Երեւանում մեկնարկում է մեծ կոմպոզիտորի անունը կրող միջազգային 9-րդ մրցույթը:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանի խոսքով` խորհրդանշական է այս տարվա մրցույթի երաժշտական գործիքը` թավջութակը, քանի որ մեծանուն կոմպոզիտորը առաջին մասնագիտությամբ թավջութակահար էր:

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա մրցույթի բացումը, որի ժամանակ ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը եւ աշխարհահռչակ ֆրանսիացի թավջութակահար Գոտյե Կապյուսոնը:

Այս տարի մրցույթն ունի 25 մասնակից, նրանցից հինգը Հայաստանից են: Ներկայացված 20 երկրների մեջ են մտնում ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Մոլդովան, Տաջիկստանը եւ մի շարք եվրոպական երկրներ:

Հունաստանի ներկայացուցիչ, թավջութակահար Գիորգոս Կոցիոլիսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ծանոթ է մեծանուն Արամ Խաչատրյանի երաժշտությանը, սակայն մրցույթի մասին այս տարի տեղեկացել է առաջին անգամ:

«Ես չգիտեմ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների անվանումները, սակայն գիտեմ երաժշտությունը: Ծանոթ եմ նրա Ջութակի կոնցերտին, քանի որ այն բավականին հայտնի է Հունաստանում: Բայց, անկեղծ ասած, չգիտեի այս մրցույթի մասին»,- նշեց հույն մասնակիցը:

Մրցույթի առաջին փուլը կանցկացվի հունիսի 7-8-ին, երկրորդը` 10-11-ին, այնուհետեւ եզրափակիչ անցած երաժիշտները ելույթ կունենան նվագախմբի հետ միասին: Մրցույթի փակումը տեղի կունենա հունիսի 14-ին: Ժյուրիի անդամները յոթն են, իսկ նախագահը ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար Արամ Թալալյանն է:

Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի մայիսին դարձել է միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի անդամ:

«117 մրցույթ է անդամակցում այդ ֆեդերացիայում վեց մայրցամաքներից: Ֆեդերացիայի անդամ դառնալու համար մենք ուղարկեցինք 8 տարվա մեր ամբողջ պատմությունը», - ասաց Աննա Տեր-Հովակիմյանը:
XS
SM
MD
LG