Մատչելիության հղումներ

Օրհան Փամուկը աջակցում է Թուրքիայի ցուցարարներին


Չեխիա - Օրհան Փամուկը Պրահայում Գրողների փառատոնի ժամանակ, ապրիլ, 2013թ.

Չեխիա - Օրհան Փամուկը Պրահայում Գրողների փառատոնի ժամանակ, ապրիլ, 2013թ.

Ճանաչված գրողը խոսում է թուրքական կառավարության բռնատիրական եւ ռեպրեսիվ միտումների մասին:

Թուրք գրող, Նոբելյան մրցանակի արժանացած Օրհան Փամուկը իր աջակցությունն է հայտնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակին կից Գեզի զբոսայգու պահպանման համար բողոքի ցույցերի մասնակիցներին:

Փամուկը նշել է, որ այգին առեւտրի կենտրոնի վերածելու որոշումը ընդունվել է առանց Ստամբուլի բնակիչներին հարցնելու, առանց նրանց հետ հաշվի նստելու, ինչը սխալ է:

«Արմատախիլ անել ծառերը քաղաքի մի հատվածում, որի հետ միլիոնավոր մարդիկ կապված են հատուկ հիշողություններով, առանց իրենց թույլտվության` Էրդողանի կառավարության հսկայական սխալն է: Այդ անմիտ քաղաքականության հիմքը կառավարության բռնատիրական եւ ռեպրեսիվ միտումներն են: Սակայն այն փաստը, որ ստամբուլցիները չեն հրաժարվում իրենց հիշողություններից եւ պատրաստ են քաղաքական բողոքի իրենց ձայնը բարձրացնել, ինձ ապագայի հույս է ներշնչում», - նշել է Փամուկը:

Թուրքիայում արդեն մի շաբաթ է չեն դադարում բնապահպանականից հակակառավարական ցույցերի վերածված բողոքի ակցիաները: Չնայած ոստիկանությունը գրեթե ամեն օր կոպտորեն ցրում է ցուցարարներին` օգտագործելով արցունքաբեր գազ եւ ջրցան մեքենաներ, ամեն օր գրանցվում են բախումներ ոստիկանության հետ:

Թուրքական մամուլը գրում է, որ մարդիկ վերադառնում են փողոցներ` գազից պաշտպանվելու դիմակներով, դրանց պահանջարկը աննախադեպ կերպով աճել է երկրում: Ջրցան մեքենաները չդադարեցին գործել անգամ երբ Եվրամիությունն ու Սպիտակ տունը մտահոգություն հայտնեցին, եւ երբ Թուրքիայի փոխվարչապետը ներողություն խնդրեց ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու համար:

Երեկ բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպել են Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի հետ, նրան ներկայացրել են իրենց պահանջները: Դրանք են` երաշխավորել, որ Թաքսիմ հրապարակի կողքի այգին կպահպանվի, ազատ արձակել բողոքի ցույցերի ձերբակալված մասնակիցներին եւ պատժել ոստիկանության ներկայացուցիչներին, ովքեր բռնություն են գործադրել ցուցարարների նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG