Մատչելիության հղումներ

ԵՄ. «Հայաստանը պետք է պատասխանատվություն ստանձնի»


Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց

Եվրամիության դրոշները Բրյուսելում Եվրահանձնաժողովի շենքի դիմաց

Պաշտոնական Բրյուսելը ցանկանում է ծանոթանալ Եվրասիական կամ Մաքսային միություններին Հայաստանի մասնակցության մանրամասներին:

Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական կամ Մաքսային միություններում Հայաստանի դիտորդի կարգավիճակը որպես այդպիսին չի հակասում Եվրամիության հետ բանակցվող համաձայնագրերին, սակայն պաշտոնական Բրյուսելը ուզում է ծանոթանալ դրանց մանրամասներին եւ դրույթներին: Այդ մասին երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի խոսնակը՝ Փիթեր Ստանոն:

«Սկզբունքորեն Մաքսային միությունում դիտորդի կարգավիճակի կամ համագործակցության շուրջ հուշագրի շուրջ պայմանավորվածությունները տեխնիկապես չեն հակասում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ բանակցվող Ասոցիացման համաձայնագրին կամ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրին: Բայց մեզ անհրաժեշտ է լիարժեք ուսումնասիրել դրանց մանրամասները եւ դրույթները», - նշել է Ստանոն:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ Մինսկում Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել էր, թե Հայաստանը ուզում է մասնակցել Մաքսային միությանը, ինչը հաստատել էր նաեւ Տիգրան Սարգսյանը: «Այժմ պետք է տեխնիկական մակարդակում որոշել, թե ինչ տեմպով եւ ինչ քայլերով առաջ ընթանալ», - ասել էր Հայաստանի վարչապետը:

Հետագայում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վարչապետի խոսնակը պարզաբանեց, թե «Հայաստանը գտնվում է առանձնահատուկ պայմաններում, չունի ընդհանուր սահման Մաքսային միության անդամ երկրների հետ, եւ այս իրավիճակում խոսքն ընդամենը համագործակցության փոխընդունելի ձեւաչափ գտնելու մասին է»:

Անդրադառնալով ձեւաչափի շուրջ այդ որոնումներին՝ պաշտոնական Բրյուսելը հիշեցնում է, որ հայկական կողմը պետք է պատասխանատվություն ստանձնի, որ այդ պայմանավորվածությունները չհակասեն Եվրամիության առաջարկած Ազատ առեւտրի մասին համաձայնագրի դրույթներին:

«Եթե դուք ներգրավված եք Եվրամիության հետ բանակցություններում Ասոցիացման համաձայնագրի, այդ թվում՝ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ, եւ եթե հավակնում եք ստորագրել եւ իրագործել այդ փաստաթղթերը, ապա չեք կարող ունենալ որեւէ այլ պայմանավորվածություն, որը հակասում է այս փաստաթղթերի դրույթներին», - ասում է Եվրամիության ներկայացուցիչը` առանձնացնելով, թե հատկապես որ դրույթներն են անընդունելի Եվրամիության համար. - «Խնդիրը հետեւյալն է՝ ցանկացած երկիր պետք է ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունք ունենա արտաքին առեւտրի եւ մաքսատուրքեր սահմանելու հարցում, մինչդեռ Մաքսային միությունը՝ իր միասնական մաքսատուրքերի եւ առեւտրի քաղաքականությամբ, զրկում է Հայաստանին այս հարցերում ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքից»:

«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազույցում Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակը նաեւ փաստել է, որ պաշտոնական Բրյուսելը ցանկանում է մինչեւ այս տարվա նոյեմբերը՝ Վիլնյուսում կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, ավարտին հասցնել Հայաստանի հետ բանակցությունները երկու պայմանագրերի շուրջ:

«Սրանք շատ կարեւոր եւ հավակնոտ փաստաթղթեր են, որոնք է՛լ ավելի կսերտացնեն Հայաստանի տնտեսական ինտեգրումը Եվրամիության հետ, ինչպես նաեւ քաղաքական ընկերակցությունը: Դրանք ստորագրելու ցանկություն ունի նաեւ Հայաստանի կառավարությունը, եւ նրանք տեղյակ են, թե որքան հեռուն կարող են գնալ այլ գործընկերների հետ բանակցություններում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարի խոսնակ Փիթեր Ստանոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG