Մատչելիության հղումներ

Պատգամավորը պահանջում է պատասխանատվության ենթարկել Փակ շուկան կառուցապատողին եւ քաղաքապետին


Երեւանի Փակ շուկայում թեեւ այս պահին շինարարություն չի ընթանում, բայցեւ չեն կատարվում քանդված կամարների վերականգնման կամ շուկայի վերգետնյա մասում առանց թույլտվության կառուցված հարկի ապամոնտաժման աշխատանքներ:

Երեւանի Փակ շուկայում թեեւ այս պահին շինարարություն չի ընթանում, բայցեւ չեն կատարվում քանդված կամարների վերականգնման կամ շուկայի վերգետնյա մասում առանց թույլտվության կառուցված հարկի ապամոնտաժման աշխատանքներ:

Հունիսի 4-ին «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին, ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին, ՀՀ ոստիկանապետին եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին` նշելով այն իրավական հիմքերը, ըստ որոնց Փակ շուկան կառուցապատողին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին պետք է կանչել քրեական պատասխանտվության:

«Կա Քրեական օրենսգրքով նախատեսված մի քանի հանցակազմ. առաջինը կառուցապատողի կողմից հուշարձանը վնասելն է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց պատգամավորը:

Հաջորդ իրավական հիմնավորումը, որը իր նամակում նշել է պատգամավորը, Քրեական օրեսգրքրի 315-րդ հոդվածն է, ըստ որի պատժվում է «շենքի ինքնակամ կառուցումը չդադեցնելը կամ անօրինական կառույցը չքանդելը», նաեւ` «այս ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը»: Հոդվածի երկրորդ մասով պատասխանատվության են կանչվում արդեն պետական ծառայողները:

«Այս հանցակազմերը վերաբերում են նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որովհետեւ նա պատշաճ կարգով չի արձագանքել եւ իր լիազորությունների շրջանակում չի միջամտել: Սա խոսում է այն մասին, որ մեր համապատասխան մարմինները, քաղաքապետարանը, Ոստիկանությունը, Դատախազությունը, որոնք սահմանված կարգով պետք է հսկեն, պաշտպանեն, վերականգնեն մեր իրավունքները, թույլ են տալիս անգործություն», - ասաց պատգամավորը:

Քաղաքապետարանը երկու անգամ վարչական պատասխանատվության է ենթարկել Փակ շուկան կառուցապատողին` 200 հազար դրամ եւ 2 500 000 դրամ:

Ինչպես Մշակույթի նախարարը, այդպես էլ Քաղաքաշինության նախարարը այս հարցով երկու անգամ դիմել են Երեւանի քաղաքապետին: Քաղաքաշինության նախարարը նշել է, որ անհրաժեշտ է դադարեցնել շինարարությունը եւ վերացնել ինքնակամ շինարարության հետեւանքները: Թեեւ, ինչպես ավելի ուշ նշվել է նաեւ Քաղաքաշինության նախարարության հաղորդագրությունում, շինարարություն այնտեղ չի ընթանում, տեղի չի ունենում նաեւ ապամոնտաժման աշխատանք, ինչը իրավունք է տալիս Երեւանի քաղաքապետարանին դիմել դատարան:

«Մեկ տարվա ընթացքում եթե որեւէ մեկը երկու անգամ ենթարկվում է վարչական պատասխանատվության, արդեն հաջորդում է ավելի խիստ պատիժը նախատեսված Քրեական օրենսգրքով», - ավելացրեց Զարուհի Փոստանջյանը:

Պատգամավորը նաեւ ասաց, թե, իր կարծիքով, ինչու Փակ շուկայի հարցով մինչեւ հիմա չեն զբաղվել իրավապահ մարմինները եւ ինչու քայլեր չի ձեռնարկում քաղաքապետարանը, - «Նրանք բոլորը ուղղակի պաշտպանում են Հանրապետական կուսակցության պատգամավորին»:

Հիշեցնենք, որ թեեւ ըստ փաստաթղթերի Փակ շուկան կառուցապատողը իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանը չէ, բայց նա չի հերքել, որ կառուցապատումը իրականացնում է իրեն պատկանող ընկերությունը:
XS
SM
MD
LG