Մատչելիության հղումներ

ՊՆ ներկայացուցիչն այցելել է բողոքող ազատամարտիկներին


Պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյան

Պահեստի գնդապետ Վոլոդյա Ավետիսյան

Երեկվանից Ազատության հրապարակում արդեն երկրորդ նստացույցը սկսած տասնյակ ազատամարտիկներին այսօր այցելել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, բայց «կոնկրետ բան չի ասել»:

«Այսօր առավոտյան եկել է Պաշպանության նախարարության սոցիալական վարչության պետը` Հարությունյան Սուրիկը: Ասել է, որ քննարկում են մեր պահանջները: Կոնկրետ բան չի ասել: Կառավարությունից ոչ մի պատասխան չկա», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բողոքի ակցիա նախաձեռնող Վոլոդյա Ավետիսյանը` հավելելով, որ վաղը ծրագրում են Ազատության հրապարակից երթով գնալ դեպի Կառավարության շենք:

Ազատամարտիկները բարձրացնում են սոցիալական պահանջներ` կենսաթոշակների բարձրացում, բժշկական ապահովագրություն եւ այլն:

Ավետիսյանը համոզված է, որ այդ պահանջները հնարավոր է կատարվել, եթե արդյունավետ կերպով ծախսվեն պետական միջոցները. - «Այն կառավարությունը, որը սուտ է խոսում, իրավունք չունի երկիրը ղեկավարել: Ինչ ասում են` սուտ է` բյուջե չկա, փող չկա… Իհարկե, կա: Բա իրենց սեփական ինքնաթիռները, հարյուր միլիոնանոց ջիպերը, առանձնատները, դրանք գումարներ չե՞ն: Ես էլ 21 տարի ծառայել եմ: Իմ ընկեր ազատամարտիկները ծառայել են բանակում 20 տարի, 25 տարի, բա ո՞ւր են մեր ջիպերն ու ինքնաթիռները, մեր սեփական տները»:

«47 հազար դրամ թոշակ եմ ստանում: Ոչ մի բանի չի բավարարում, հացի չի բավարարում: Տարիքս այնպիսին է` 62 տարեկան եմ, ոչ մի տեղ աշխատանք չեն տալիս: Կինս է աշխատում` հավաքարարություն է անում, 35 հազար փող է ստանում», - ասաց բողոքող ազատամարտիկներից մեկը:

«Շատ ազատամարտիկներ այսօր առանց լույսի են ապրում, առանց տնի են… Սա առողջ կորիզն է: Ազատամարտիկները պատերազմի ժամանակ իրենց կամքով գնացին, պաշտպանեցին Հայաստանի Հանրապետության սահմանները, հողեր ազատագրեցին Արցախում: Իսկ այսօր ի՞նչ է ստացվում. Առողջ կորիզին դրել են ամենավերջին տեղը, հալածում են», - վրդովված հավելեց նստացույցի մեկ այլ մասնակից:

Ազատամարտիկների` դեռ մայիսից սկսված բողոքի ալիքի նախաձեռնող, Վոլոդյա Ավետիսյանը ասաց, որ շարունակելու են պայքարել արժանապատիվ ապրելու իրավունքի համար. - «6 երեխա ունեմ, ստանում եմ 85 հազար դրամ: Իմ վիճակը դեռ լավ է. կինս ծաղիկ է մշակում, անասուն ունենք մի քանի հատ, յոլա գնում ենք: Բայց մարդիկ կան, որ ընդհանրապես ոչինչ չունեն: Ո՞ւմ համար են գնացել կռվելու, ինչի՞ համար են գնացել կռվելու այս տղաները: Մենք չենք սարքում մատի փաթաթան, թե կռվել ենք: Պատերազմ է եղել` կռվել ենք: Բայց այս աստիճանի չպիտի լինի: Մարդիկ կան հենց Կառավարությունում, որ ցույց են տալիս, թե կռվել են, վիլլաների մեջ, փողերի մեջ չգիտեն ինչ անեն»:
XS
SM
MD
LG