Մատչելիության հղումներ

logo-print

Փորձագետները` Լիբանան հայ խաղաղապահներ գործուղելու մասին


Աֆղանստանում հայ խաղաղապահները արժանացել են խաղաղապահ առաքելության գերմանական հրամանատարության մեդալների ու պատվոգրերի: Մայիս, 2010 թ.

Աֆղանստանում հայ խաղաղապահները արժանացել են խաղաղապահ առաքելության գերմանական հրամանատարության մեդալների ու պատվոգրերի: Մայիս, 2010 թ.

Հայաստանցի քաղաքագետներ Դավիթ Հովհաննիսյանն ու Սերգեյ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իրենց կարծիքներն են հնչեցնում Սիրիայի հարեւան Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղապահ առաքելության կազմում հայ խաղաղապահների հնարավոր ընդգրկման մասին:

«Եթե հարցը վերաբերվում է նրան, որ Հըզբոլայի հետ կապված գործառույթները խոչընդոտվեն, ապա դա մեր համայնքի վրա այնտեղ կարող է շատ վատ անդրադառնալ: Բնականաբար, դա պետք է դիտարկել եւ գործառույթների մեջ հաշվի առնել», - ասաց 1992-1998 թվականներին Սիրիայում Հայաստանի դեսպան Դավիթ Հովհաննիսյանը` շարունակելով. - «Դրականը այն է, որ եթե կանխվում է զենքի, զինամթերքի եւ զինյալների թափանցումը Սիրիա, ապա դա շատ դրական է: Դա հնարավորություն կտա աստիճանաբար ավելի կայունացնել իրավիճակը գոնե այդ տարածքում»:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում հայ խաղաղապահների հնարավոր առաքելությունը Լիբանանում` ցանկալի ու անհրաժեշտ համարելով դրա իրականացումը:

«Փորձի առումով, ավելացնելով Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղապահ ծրագրերում, ես կարծում եմ, դա մեզ համար ավելի քան նպաստավոր կլինի», - նշեց նա` հավելելով, - «Դա այն բրիգադն է, որը մաքսիմալ ձեւով այսպես կոչված արեւմտյան ռազմական ստանդարտներով է պատրաստվել, եւ այդ առումով Իտալիայի` ՆԱՏՕ-ի անդամ երկրի կոնտինգենտի շրջանակներում [ընդգրկվելը] նույնպես մեզ համար կարեւոր կլինի Հայաստան – ՆԱՏՕ երկկողմ հարաբերությունների համատեքստում»:

Մինասյանի խոսքով` զարմանալի չէ, որ Իտալիան դիմել է հենց Հայաստանին. - «Գլխավոր պատճառներից մեկը ոչ միայն հայ խաղաղապահ կոնտինգենտի մակարդակն է, այլ նաեւ այդ քաղաքական համատեքստից` նաեւ Հայաստանի եւ հայերի դերն ու նշանակությունը ե’ւ Լիբանանում, ե’ւ Սիրիայում: Ի տարբերություն այլ տեղերի, որտեղ հայ խաղաղապահները մասնակցել են. լինի դա Իրաքը, լինի դա Կոսովոն, լինի դա Աֆղանստանը, որեւէ լուրջ քաղաքական խնդիր ես չեմ տեսնում: Կարծում եմ, ե’ւ Սիրիայում, ե’ւ Լիբանանում ե’ւ հասարակության, ե’ւ պետական մակարդակով կա որոշ վստահություն հայի հանդեպ ընդհանրապես, եւ որեւէ լուրջ լարվածություն դա չի ստեղծում»:

Հիշեցնենք, որ համաձայն Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակի, նախատեսվում է, որ արդեն այս տարվա ընթացքում Լիբանան կգործուղվի հայկական երկու խաղաղապահ դասակ` մինչեւ 50-60 հոգանոց կազմով:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG