Մատչելիության հղումներ

ԱԺ նախագահը հանդիպել է Լատվիայի Սաեյմայի նախագահի, Ռիգայի քաղաքապետի հետ


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինայի հրավերով պաշտոնական այցով երեկ Ռիգա ժամանած Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը նույն օրը հանդիպումներ է ունեցել Սաեյմայի նախագահի եւ Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ Աբոլտինան բարձր է գնահատել երկու երկրների միջեւ ձեւավորված քաղաքական հարաբերությունները, անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական համագործակցության հետագա զարգացումը եւ խորացումը: Նա հայտնել է, որ Հայաստանի խորհրդարանի հետ բարեկամության խումբը Լիտվայի Սաեյմայում ամենամեծաթիվներից է` այնտեղ ընդգրկված են 34 պատգամավորներ: Նա բարձր է գնահատել Հայաստան – Եվրամիություն հարաբերությունների զարգացման տեմպերը եւ պատրաստակամություն հայտնել փոխանցել եվրաինտեգրման գործընթացում լատվիական փորձը: Սոլվիտա Աբոլտինան կարեւոր է համարել նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացումը եւ ակտիվացումը` նշելով, որ այս ոլորտում չօգտագործված հնարավորություններ կան:

Հովիկ Աբրահամյանը ասել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Եվրամիության հետ համագործակցության խորացմանը: Նա վստահություն է հայտնել, որ Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Առեւտրատնտեսական համագործակցությունը խթանելու առումով կողմերը կարեւորել են հայ - լատվիական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը եւ Ռիգայում հունիսի վերջին կայանալիք հանձնաժողովի անդրանիկ նիստը:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ - թուրքական հարաբերություններին: Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ հակամարտությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցային ճանապարհով: Աբրահամյանը նշել է, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, եւ հույս է հայտնել, որ Լատվիան, ինչպես աշխարհի երկու տասնյակից ավել երկրներ, կճանաչի եւ կդատապարտի ոչ միայն հայերի, այլեւ ամբողջ մարդկության դեմ իրագործված այդ ոճրագործությունը:

Հովիկ Աբրահամյանը Սոլվիտա Աբոլտոնիային պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, հրավերը ընդունվել է:

Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները այցելել են Ազատության հուշահամալիր, որը Լատվիայի անկախության խորհրդանիշն է: Հուշակոթողի մոտ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ներկայությամբ տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, հնչել են երկու պետությունների օրհներգերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG