Մատչելիության հղումներ

Հունիսի 5-ի մամուլ


«Ժամանակ»-ը գրում է. - «Սյունիքի մարզպետ Լիսկայի հերթական քաջագործության մասին ՀՀԿ-ականները լռում են. նրանք կամ ոչինչ չեն ասում, կամ առավելագույնը փորձում են արդարացնել: Լռություն, թե արդարացում դիլեմայի հանգուցալուծումը յուրաքանչյուր ՀՀԿ-ականի դեպքում կախված է մեղսունակության աստիճանից: Եթե այն կա՝ լռություն է, իսկ եթե չկա, ապա տարաբնույթ բառաշարքերով փորձում են ինչ-որ կերպով արդարացնել Լիսկային, իհարկե` տողատակերում: Առայժմ նրան բացահայտորեն արդարացնելու համարձակությունը կամ անմեղսունակությունը դեռ չի բավականացնում: Սակայն կասկած չկա, որ դա դեռ առջեւում է: Իրականում, սակայն, այս իրավիճակում խնդիրը Լիսկայից վաղուց արդեն տեղափոխվել է ավելի լայն հարթություն, որում անկասկած մեծ տեղ է զբաղեցնում նրա, այսպես ասած, հարազատ կուսակցությունը՝ ՀՀԿ-ն: Լիսկայի ճակատագրի հարցը, փաստորեն, ՀՀԿ-ի նկարագրի հարցն է, եւ եթե Սյունիքի մարզպետը հերթական անգամ խուսափեց պատասխանատվությունից, ապա դա, ըստ էության, լինելու է ՀՀԿ-ի դեմքի հերթական արտացոլում եւ ի վերջո ստացվելու է, որ Լիսկան սպանեց նաեւ ՀՀԿ-ին»:

Թեման շարունակում է «Հրապարակ»-ը` գրելով. - «Այս օրերին, երբ մարդիկ վրդովված են Սյունիքի մարզում կատարված դեպքերի առիթով եւ ակնկալում են, որ «բարձր իշխանությունը» կասի իր խոսքը՝ կդատապարտի եւ կմեղադրի իր թիմի անդամին կատարվածի համար, իշխանությունը համառորեն լռում է: Ի՞նչն է խանգարում Հանրապետականին, երկրի նախագահին ու վարչապետին խոսել այս մասին, ասել այն, ինչ ուզում է լսել հասարակությունը: Չէ՞ որ հրեշավոր արարք է կատարվել, ողբերգություն, եւ երբ մեղավորը շարունակում է ազատ շրջել ու անգամ պաշտոնաթող չի արվում, կնշանակի մեզանում չեն գործում ոչ միայն օրենքները, այլեւ բարոյականության նորմերը»:

«Հայոց Աշխարհ» թերթի հետ զրույցում, մինչդեռ, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը որոշակի գնահատականներ է ներկայացնում: Հարցին` ժամանակը չէ ազատվել այսպիսիներից, մինչեւ ե՞րբ պետք է խրախուսվի «բեսպրեդելը», Սահակյանը պատասխանում է. - «Կարծում եմ, ցանկացած չինովնիկ կամ մեր երկրում մեծ դերակատարում ունեցած, որոշակի գործեր կատարած անձինք պետք է շատ ավելի փակ ու զուսպ ապրեն: Այդպիսիք պետք է հասկանան իրենց դերակատարման կարեւորությունը, դրանով իսկ պատասխանատու լինեն իրենց ամեն մի քայլի համար, շատ լուրջ հետեւեն իրենց վարքագծին, հեռու մնան աղմկոտ իրավիճակներից, ավելին՝ դառնան նման իրավիճակները կանխարգելող: Գիտեք, սա մեր խոցելի կողմերից մեկն է, ու ես ցավում եմ, որ ցանկացած չինովնիկի շուրջ նման աղմկոտ իրավիճակներ են ստեղծվում: Դրանք են հասարակության մեջ ծնում թերահավատություն: Մինչդեռ հասարակությունը պետք է վստահ լինի, որ երկրում լուրջ դերակատարում ունեցող մարդիկ, պաշտոնատար անձինք ոչ թե «բեսպրեդելով» առաջնորդվողներ են, այլ իրենց պաշտպաններն են ու կանգնած են իրենց թիկունքին: Միայն այդ ժամանակ մեր ժողովուրդն իրեն կզգա ամուր ու հզոր, իսկ հզոր հասարակությունն է, որ ստեղծում է հզոր պետություն»:

«Ժողովուրդ» թերթը «Նախագահի եւ նախարարի խոսքերի հակասությունը» վերնագրի ներքո գրում է. - «Երեկ պայթեց Սերժ Սարգսյանի հերթական PR փուչիկը: Հիշու՞մ եք` մի քանի լրագրողի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե հուլիսի 1-ից աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրանալու է: Բացի այդ, նա կառավարության ձեւավորումից հետո անդրանիկ նիստում եւս հայտարարել էր այդ մասին: Բայց ահա երեկ պարզ դարձավ, որ աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ոչ թե հուլիսի 1-ից, այլ 2014 թվականի հունվարի 1-ից: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ԱԺ-ում 2012 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է. - «Պետական համակարգի աշխատողների աշխատավարձերի ու կենսաթոշակների չափերին կառավարությունը կանդրադառնա 2014 թվականի հունվարի 1-ից»: Բայց եւ այնպես, Ասատրյանը չի բացառել, որ նվազագույն աշխատավարձին անդրադարձ կկատարվի կառավարության առաջիկա նիստերից մեկում, ըստ այդմ առաջարկ կարվի նվազագույն աշխատավարձը բարձրացնել մինչեւ 45 հազար դրամ ներկայիս 35 հազար դրամի փոխարեն»:

Գնահատելով Թուրքիայում ծավալվող իրադարձությունները` քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշում է. - «Կա երկու զուգահեռ եւ տարբերություն հայաստանյան ու թուրքական քաղաքացիական շարժումների միջեւ: Երկու երկրներում՝ ե’ւ Հայաստանում, ե’ւ Թուրքիայում, համատարած դժգոհության ալիք կա կառավարություններից: Երկու երկրների կառավարություններն էլ համարվում են ոչ բավարար ժողովրդավար եւ ավտորիտար: Այնպես որ՝ վերլուծելով թուրքական անցքերը, ցույցերի բռնկումները Ստամբուլում՝ տեսնում ենք, որ վարչապետ Էրդողանի ջանքերը՝ ուղղված իրավիճակը մեղմելուն, բերեցին անկարգությունների ավելի մեծ ալիքի եւ այն մտայնության տարածման, որ թուրքական կառավարությունը ավտորիտար է եւ ամբարտավան»:

Նույն թեմայով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG