Մատչելիության հղումներ

«ԱՄՆ-ը պետք է դադարեցնի դեմոկրատիայի աջակցությունն Ադրբեջանում»


Հեյդար եւ Իլհամ Ալիեւները, արխիվ

Հեյդար եւ Իլհամ Ալիեւները, արխիվ

Foreign Policy հաստատության փորձագետը հրապարակել է վերլուծություն, որը նվիրված է աշխարհում դեմոկրատիայի հաստատմանն ուղղված Ամերիկայի ջանքերին։

55 միլիոն դոլարի անիմաստ վատնում Ադրբեջանում

Միացյալ Նահանգներն այդ առաքելությունը ստանձնել է դեռ Ռոնալդ Ռեյգանի նախագահության տարիներին։ Այն ժամանակ ծրագրին հատկացվել է բավական համեստ գումար, որն այսօրվա դրությամբ հասել է տարեկան 3 միլիարդ դոլարի։

Վերլուծաբանները բազմիցս են ասել, որ ծրագրի վարչարարությունը կարգավորված չէ, շատ հաճախ արդյունավետ չէ, չի պարունակում ռազմավարական հայեցակարգ եւ խիստ բյուրոկրատական ծանր մեխանիզմով է կառավարվում։

Մելինդա Հարինգն անդրադառնում է Ադրբեջանի օրինակին.

«1991 թվականից (Ադրբեջանի անկախության վերականգնման տարուց) սկսած, Միջազգային զարգացման ամերիկյան գործակալությունը (USAID) Ադրբեջանն ավելի դեմոկրատական դարձնելու նպատակին հատկացրել է 55 միլիոն դոլար։ Մինչդեռ, Ալիեւների գերդաստանը` նախ հայրը` Հեյդարը, հիմա էլ որդին` Իլհամը, իշխում է 1993 թվականից։

Այդ ռեժիմը կալանավորում է երգիծական հոլովակներ պատրաստած երիտասարդներին, խիստ հսկողության տակ է պահում հասարակական կազմակերպությունները, «ծայրահեղականի» պիտակով բանտեր է նետում հարյուրավոր հավատացյալների եւ չի անցկացրել ոչ մի ընտրություն, որը կհամապատասխաներ միջազգային չափանիշներին»։

Ադրբեջանի խորհրդարանը երբեք ազատ չի ընտրվել

Սակայն դա բնավ չի զսպել Ադրբեջանի ուղղությամբ աշխատելու ամերիկյան արտաքին աջակցության 80 տոկոսի հատկացումները վավերացնող գործակալության եռանդը։ 2007-2011 թվականներին USAID-ը 5 միլիոն 600 հազար դոլար է ծախսել Ադրբեջանի խորհրդարանի արդյունավետությանը նպաստելու ծրագրին։

Ինչպես ակնհայտ հեգնանքով նշում է Մելինդա Հարինգը, «խնդիրն այն է, որ այդ երկրի խորհրդարանը երբեք ազատ քվեարկությամբ չի ընտրվել»։

Մեծամասնական կարգով ընտրված բոլոր պատգամավորները իշխող «Ենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունից են։

Ի դեպ, Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպանատունը 2010 թվականի ընտրությունները որակել է որպես միջազգային չափանիշներին չհամապատասխանող։ Ահա դեսպանատան գնահատականը` թեկնածուների գրանցման անարդար համակարգ, խոսքի եւ հավաքների ազատության ոտնահարում, մամուլի կողմից ընտրությունների կողմնակալ լուսաբանում։

«Փաստորեն, վերստին հեգնում է հեղինակը, Ամերիկայի կառավարությունը քննադատում է ընտրությունները, ապա փող տալիս հաղթողներին կրթելու համար»։

USAID-ը հավատարիմ է մնացել ձախողված մարտավարությանը

55 միլիոն դոլար վատնելուց հետո USAID-ը համառորեն հավատարիմ է մնացել ձախողված մարտավարությանը եւ 2012-ին 1.5 միլիոն է տրամադրել Ադրբեջանի Իրավունքների կոնսորցիումին, որը պետք է «օգնի հասարակական կազմակերպություններին` ավելի լավ արձագանքել երկրի մասին նախագահ Իլհամ Ալիեւի հայեցակարգին»։

«Ամերիկայի հարկատուների միջոցներով Ադրբեջանի ավտորիտար նախագահի տեսլականն իրականություն դարձնելու գաղափարը խիստ մտահոգիչ է», - նշում է Մելինդա Հարինգը։

Այդ դեպքում ինչո՞ւ է Ամերիկայի կառավարությունը շարունակում ֆինանսավորել սխալ ծրագրեր այն երկրում, որը բարեփոխվելու ցանկություն չի դրսեւորում։ Ինչո՞ւ է USAID-ը անտեսում սեփական քաղաքացիների իրավունքները ոտնահարելու Ալիեւի գործելակերպը։

Պատճառը շատ պարզ է` դա բյուրոկրատիայի սեփական շահն է, իներցիան եւ գաղափարը, թե «որքան շատ, այնքան` լավ»։ «Մենք կարող ենք վերջ տալ այս միջոցների վատնմանը, եթե ռազմավարական մոտեցում կիրառենք եւ դրանք հատկացնենք միայն այնտեղ, որտեղ կա արդյունքի հասնելու իրական հնարավորություն», - պնդում է հեղինակը։

Առավել արդյունավետ է Դեմոկրատիայի ազգային հիմնադրամի աշխատանքը

Նրա համոզմամբ, ավելի արդյունավետ է գործում Դեմոկրատիայի ազգային հիմնադրամը (The National Endowment for Democracy)։

Դրա անհամեմատ ավելի համեստ միջոցները նպատակային են, հիմնադրամը չունի տեղական գրասենյակներ, անկախ է եւ, հետեւաբար, չի դառնում տեղական իշխանության ճնշումների թիրախ։ Մինչդեռ, տեղական գրասենյակներ ստեղծած USAID-ը ճնշումների է ենթարկվում եւ ստիպված սառեցնում է գործողությունները, օրինակ, Ռուսաստանում։

Մելինդա Հարինգի համոզմամբ, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավոր է պարզապես դադարեցնել դեմոկրատիայի աջակցության ծրագրերն ավտորիտար այնպիսի երկրներում, ինչպիսին են Ադրբեջանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ղազախստանը, քանի որ այդ երկրներում չկա եւ տեսանելի ապագայում չի լինի իրական քաղաքականություն, կայացած ընդդիմություն, քաղաքացիական հասարակություն, անկախ մամուլ եւ բարեփոխումներով հետաքրքրված ազգային վերնախավ։

«USAID-ը պետք է աշխատի միայն այն պետություններում, որոնք Freedom House-ի ամենամյա զեկույցներում համարվել են «մասամբ ազատ»։

Նույնիսկ Եվրամիության անդամ արեւելաեվրոպական տասը երկրները, որոնք ժամանակին ԱՄՆ-ի աջակցությունն են ստացել, հիմա իրենց համեստ միջոցները հատկացնում են այն երկրներին, որտեղ տեսանելի է բարեփոխումը` Վրաստանին, Մոլդովային, Սերբիային եւ Ուկրաինային»։

«Կանգնել դեմոկրատիայի ձգտողների կողքին»

«Մենք պետք է հետեւենք այդ օրինակին», - նշում է Մելինդա Հարինգը եւ ընդգծում. - «Ամերիկան չպետք է տարեկան ծախսի 3 միլիարդ, եթե չի ապացուցվում, որ դեմոկրատական ծրագրերն ազդեցություն են գործում, դեմոկրատիայի առաջընթացն է դրա արդյունավետության միակ ապացույցը»։

Դեմոկրատիայի հաստատումը ազնիվ նախաձեռնություն է, սակայն չի սահմանափակվում փակ հասարակարգեր սոսկ միջոցներ ներդնելով եւ հուսալով, թե այդպես դրանք կդեմոկրատանան։

«Հույսը եւ փոփոխությունը գրավիչ հասկացություններ են, բայց մենք հաջողության չենք հասնի, եթե, ինչպես Ռոնալդ Ռեյգանն էր ասում, չկանգնենք ազատության եւ դեմոկրատիայի ձգտողների կողքին` անկախ այն բանից, թե որտեղ են նրանք», - եզրափակում է վերլուծությունը Foreign Policy հաստատության փորձագետ Մելինդա Հարինգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG