Մատչելիության հղումներ

Աղբավայրի կառուցման ծրագիրը անհանգստացրել է այգետերերին


Լքված հանքը, որը կարող է վերածվել աղբավայրի:
Լքված հանքը, որը կարող է վերածվել աղբավայրի:
Արագածոտնի մարզի Արայի տարածքի 1400 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողերի անմիջական հարեւանությամբ գտնվող տարածքը կարող է վերածվել աղբավայրի:

Ավելի քան 200 հեկտար խնձորի այգիների հարեւանությամբ գտնվող լքված ավազահանքի 400 մետր երկարությամբ, 20 մետր լայնությամբ եւ 15 մետր խորությամբ փոսը, այգետերերի տեղեկություններով, վերածվելու է աղբավայրի:

Խնձորի այգիների տերերը պնդում են, որ ամեն հեկտարից ստանում են 60-70 տոննա բերք: Թեպետ մարզպետը նրանց վստահեցրել է, որ աղբավայրը կկառուցվի միայն այն դեպքում, եթե որեւէ ծառ չտուժի, հողատերերի համոզված են, որ կառուցվելու դեպքում աղբավայրը կվնասի իրենց այգիները, քանի որ հորի ու մրգատու ծառերի միջեւ տարածությունը 20 մետրից ավելի չէ:

«Այստեղ կլինի անապատ», - ասաց այգետերերից մեկը:

Մոտ մեկ շաբաթ առաջ հողերի սեփականատերերը նամակ են գրել գրեթե բոլոր նախարարություններին, որպեսզի արգելեն այս վայրում աղբավայր կառուցելու` Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը նախաձեռնությունը:

Խնձորենիների այգու սեփականատեր Գագիկ Մխիթարյանն ու իր հողատեր ընկերները «Ազատություն» ռադիոկայանին պատմեցին, որ մոտ 1 ամիս առաջ տեղանքին ծանոթանալու նպատակով եկել էին մարզպետը եւ Տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Վերջինս ընդգծել է, որ հարկավոր է բնապահպանական փորձաքննություն անցկացնել, սակայն սեփականատերերին սա չի հանգստացնում: Ավելին` մարզպետն ասել է, որ կառուցվելու դեպքում աղբավայրը փակ է լինելու:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մարզպետ Սարգիս Սահակյանը հավաստիացրեց, որ աղբավայրի կառուցման մասին որոշում դեռ չկա. - «Քննարկում ենք: Մենք քննարկում ենք 3-4 վարիանտ»:

Հետագա զրույցի ընթացքում, սակայն, Սահակյանը նշեց, որ աղբավայրի համար ամենահարմարը հենց Արայի տարածքն է:

«Որովհետեւ հեռանկարային կլինի, հարյուր տարվա համար նպատակահարմար կլինի կառուցել», - փաստարկեց նա` այդուհանդերձ հավելելով. - «Եթե կառուցելու դեպքում մեկ բնակիչ պետք է վնասվի, մենք դա չենք անի»:

Նա վստահեցրեց, որ անպայման կկազմակերպվեն հանրային լսումներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG