Մատչելիության հղումներ

«Կարող եք զարմանալ, բայց ամենամեծ փոփոխությունը խորհրդային ժամանակներից ի վեր, որը ես նկատեցի Հայաստանում, կանացի կոշիկների կրունկների բարձրությունն է», - այս խոսքերը պատկանում են ստամբուլահայ աշխարհահռչակ լուսանկարիչ, կամ ինչպես ինքն իրեն ներկայացրեց ֆոտոժուռնալիստ Արա Գյուլերին, ով այս օրերին Երեւանում է` իր կյանքի ընթացքում արդեն հինգերորդ անգամ:

65 տարի մարդկանց, աշխարհը եւ կյանքը լուսանկարած վարպետը բազմաթիվ հայտնի, ազդեցիկ մարդկանց լուսանկարների հեղինակն է` Ուինսթոն Չերչիլ, Ինդիրա Գանդի, Սալվադոր Դալի, Սոֆի Լորեն, Բրիջիդ Բարդո, Արամ Խաչատրյան, Վիլյամ Սարոյան, Սերգեյ Փարաջանով, ով Գյուլերի ներկայացմամբ իր ամենամոտ ընկերներից էր եւ ամեն անգամ Ստամբուլ գալուց հյուրընկալվում էր իր տանը:

Երեքշաբթի օրը Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց 85-ամյա վարպետի լուսանկարների ցուցահանդեսը` շուրջ 130 գործեր: Ցուցահանդեսը կտեւի երեք ամիս, որից հետո հեղինակը լուսանկարները նվիրելու է Հայաստանին:

Հենց Ազգային պատկերասրահում էլ` ցուցահանդեսի բացումից առաջ, Արա Գյուլերը հանդիպեց լրագրողներին: Գյուլերը, ով ով ավելի քան կես դար ցուցահանդեսներ է ունեցել աշխարհի շուրջ երեք տասնյակ պետություններում, աշխատել է միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների հետ, ինչպիսիք են «Թայմը», «Պարի մատչը» եւ այլն, ասաց` մարդուն լուսանկարելիս ուշադրություն է դարձնում ոչ թե նրա գեղեցկության, այլ բնույթի վրա:

Արա Գյուլերն արժանացել է Ֆրանսիայի, Թուրքիայի, Միացյալ Նահանգների եւ Հայաստանի պետական ու մասնավոր հաստատությունների մի շարք մրցանակների: Օրինակ, 2002-ին Ֆրանսիայի կառավարությունը նրան շնորհեց Արվեստի եւ գրականության պատվո լեգեոնի շքանաշանը, 2009-ին նա արժանացավ Թուրքիայի Ազգային ժողովի մեծ մրցանակին, 2012 թվականին մեծանանուն վարպետին շնորհվեց Հայաստանի մշակույթի նախարարության ոսկե մեդալը:

«Ֆոտոժուռնալիզմի առաջին քաշած ֆոտոգրաֆս Աթաթուրքի արձանի կոտրելն էր` 1948-ին», - այսօր վերհիշեց հայտնի լուսանկարիչը:

Ես արվեստով չեմ զբաղվում, արվեստը սուտ բան է….ամեն գիշեր Համլետը մահանում է, քանի՞ Համլետ կա աշխարհի վրա: Արվեստը` թատրոնը, կինոն իրականության հետ կապ չունեն, եւ ռեժիսորն է որոշում ընթացքը, ասում է Գյուլերը. - «Բայց լուսանկարը իրականության մասն է, իրականությունն էլ սուտ չէ, սուտ չըլլալուն համար արվեստ չէ», - ասաց նա:

Նշանավոր լուսանկարիչը շեշտեց, որ հայ լինելը առավելություն է, եւ իր համար ոչ մի խնդիր չի առաջացրել Թուրքիայում:

Նա հավելեց, թե չի ցանկանում խոսել քաղաքականությունից, չի ցանկանում մեկնաբանել այսօր Թուրքիայում շարունակվող ժողովրդական հուզումները, թեեւ գաղտնիք չէ, որ լուսանկարիչը բավական մտերիմ է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ: Վերջինս անգամ մասնակցում էր Արա Գյուլերի մեծարման երեկոյին. շատերի ուշադրությունը գրավեց այն լուսանկարը, որտեղ Էրդողանն էր լուսանկարում Գյուլերին:

«Էրդողանը աղեկ մարդ է, հայերի համար էլ աղեկ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Թուրքիայի վարչապետին այսպես բնութագրեց հայտնի լուսանկարիչը:
XS
SM
MD
LG