Մատչելիության հղումներ

Դեղորայք ներմուծող ընկերությունը տուգանվեց անբարեխիղճ մրցակցության համար


Դեղատուն Հայաստանում, արխիվ

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) այսօր 10 միլիոն դրամով (մոտ 24 հազար դոլար) տուգանել է դեղորայքի իրացմամբ զբաղվող «Կուրացիո» ընկերությանը, նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով` համակարգչային տեխնիկայի իրացմամբ զբաղվող «Ռիչ Քոմփյութերս» խանութ-սրահին, իսկ «Հայջրմուղկոյուղուն» պարտավորեցրել է նոր հաշվիչ տեղադրել «Ապակեմեկուսիչ» ընկերության համար եւ վերականգնել ընկերության ջրամատակարարումը:

Դեղորայքի ներկրմամբ զբաղվող «Բեյբի Սիմ» ընկերությունը ՏՄՊՊՀ էր դիմել` տեղեկացնելով, որ մրցակից «Կուրացիո»-ն խոչընդոտում է իր գործունեությունը՝ թույլ չտալով մասնակցել դեղորայքի մատակարարման մի շարք մրցույթների: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Երեւանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) կողմից կազմակերպվող էնտերալ զոնդային սննդի (սննդի ընդունման դժվարություններ ունեցող կամ անգիտակից վիճակում գտնվող հիվանդներին զոնդի միջոցով տրվող հեղուկ) ձեռքբերման մրցույթներին: Ընկերության դիմում-բողոքի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ, որի ընթացքում պարզվել է, որ ԵՊԲՀ-ի կողմից կազմակերպված մրցույթներում «Բեյբի Սիմ»-ը առաջարկել է բարձր կալորիականությամբ էնտերալ զոնդային սնունդ՝ շատ ավելի էժան, քան այն ձեռք է բերվում այդ ժամանակահատվածում «Կուրացիո»-ից: ԵՊԲՀ-ը պատասխանել է, որ «Բեյբի Սիմ»-ը պետք է մասնակցի իրենց կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերին, սակայն գնումները կազմակերպվել են այնպես, որ վերջինը հնարավորություն չի ունեցել մասնակցել դրանց:

ՏՄՊՊՀ-ի հաղորդագրության համաձայն` վարույթի ընթացքում ի հայտ են եկել մի շարք փաստեր, որոնք վկայում են, որ այն բոլոր դեպքերում, երբ «Կուրացիո»-ն բուժհաստատությունների կողմից հայտարարված պետական գնումների մրցույթներում հանդիսացել է միակ մատակարարը, հայտերում շատ բարձր գնային առաջարկ է ներկայացրել, իսկ այն դեպքերում, երբ մրցակից է ունեցել, դեղորայքը վաճառել է գրեթե ինքնարժեքին հավասար գնով ՝ արհեստականորեն խոչընդոտելով մրցակից ընկերության մուտքը շուկա:

Հանձնաժողովը ուսումնասիրել է նաեւ շուկայում «Կուրացիո»-ի գնային քաղաքականությունը եւ բացահայտել, որ ընկերությունը, հանդիսանալով Հայաստանում այս ապրանքների հիմնական ներմուծող եւ մատակարար, մշտապես օգտվել է իր մրցակցային առավելությունից եւ անկախ նրանից, որ այս ապրանքները իր մատակարարներից երբեմն զեղչով է ձեռք բերել, կամ միջազգային շուկայում դրանց գները նվազել են, մշտապես նույն բարձր գներով, երբեմն` ինքնարժեքից եռակի թանկ է վաճառել դեղատներին եւ հիվանդանոցներին: Այսինքն, ընկերությունը ինքնարժեքի նվազմանը համարժեք չի իջեցրել վաճառքի գները, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է:

Բացի շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար տուգանքից, «Կուրացիո»-ն, ՏՄՊՊՀ-ի առաջարկով վերջերս գնումների մասին օրենսդրության մեջ կատարված փոփոխությունների համաձայն, կհայտնվի «սեւ ցուցակում» եւ մի քանի տարի շարունակ հնարավորություն չի ունենա մասնակցելու մրցութային գործընթացներին:

ՏՄՊՊՀ-ն մամուլի հրապարակումների հիման վրա հարուցած վարչական վարույթի շրջանակում պարզել է «Էյջ-Թի Էլեքտրոնիքս» ընկերությունը պատկանող հեռուստատեսությամբ ներկայացնում է գովազդ, ըստ որի ընկերությանը պատկանող «Ռիչ Քոմփյութերս» համակարգչային խանութ-սրահում միայն անձնագրով եւ սոցիալական քարտով հնարավոր է ապառիկ կերպով ձեռք բերել համակարգիչ: Հանձնաժողովի կողմից դիտարկման ընթացքում հաստատվել է, որ երբ քաղաքացիները այցելում են խանութ, նրանց տեղեկացնում են, որ անհրաժեշտ է նաեւ աշխատանքի վայրից տեղեկանք, պարտադիր վարկային պատմություն եւ այլն, ինչի մասին, սակայն, գովազդում չի նշվում: Նման բովանդակությամբ գովազդ ներկայացնելը մոլորեցնում է հասարակությանը, ինչը անբարեխիղճ մրցակցության դրսեւորում է:

«Ապակեմեկուսիչ» ընկերությունը, իր հերթին, դիմել էր ՏՄՊՊՀ՝ հայտնելով, որ «Հայջրմուղկոյուղին» անհիմն կերպով ջրազրկել է իրենց կազմակերպությանը: Ընկերությունը նշել էր, որ «Հարավային» մասնաճյուղի «Սեւան» տեղամասի կողմից իրենց ներկայացվել է 2012 թվականի մայիս ամսվա ջրի ծախսը, որը կազմում է 1272 խմ, այն դեպքում, երբ, սկսած 2005-ից ընկերության միջին ամսական ծախսը չի գերազանցել 40-50 խմ-ը: Պարզվել է, որ վերոնշյալ խնդիրն առաջացել է ցանցում առաջացած վթարի հետեւանքով: Սակայն, առանց պարզելու վթարի հետեւանքները, «Հայջրմուղկոյուղին» ապամոնտաժել է ընկերությանը պատկանող հաշվիչը, քանի որ «Ապակեմեկուսիչ»-ը չի վճարել 1272 խմ ջրի դիմաց:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները պարզել են, որ դադարեցնելով ընկերության ջրամատակարարումը` «Հայջրմուղկոյուղին» թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում: Ի սկզբանե սխալ են կատարվել ջրամատակարարման տեխնիկական միացումները, ինչն էլ վթարի պատճառ է հանդիսացել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG