Մատչելիության հղումներ

Արդեն 11 տարի է` Հայաստանում անցկացվում է «Մեկ կադր» կարճ ֆիլմերի միջազգային փառատոնը, որին մասնակցում են ոչ միայն հայերը, այլեւ ռեժիսորներ ու սիրողական նկարողներ տարբեր երկրներից:

60 վայրկյան առանց մոնտաժի, եւ ֆիլմը պատրաստ է: Այս ֆորմատով ֆիլմ կարող են նկարահանել եւ փառատոնին ներկայացնել բոլոր այն ցանկացողները, ովքեր ունեն տեսախցիկ եւ ստեղծագործ միտք: Այս տարի եւս մրցանակները կշնորհվեն «Մեկ կադր», «Կարճ ֆիլմ» եւ «Կինո առանց սահմանի» անվանակարգերում:

«Իհարկե, ամեն տարի հաղթողները տարբեր են լինում: Բայց ակնհայտ է, որ իսպանական կինոն տրադիցիոն լավ կինո է, էնտեղից լավ կինոների ընտրանին մեծ է: Օրինակ, այս տարի Ռուսաստանը ավելի ակտիվ է կարճամետրաժում: Ավելի հետաքրքիր ֆիլմեր են եկել ռուսական կինոարտադրությունից»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարյանը:

Այս տարի «Մեկ կադր» անվանակարգում մրցութային ծրագրում առաջադրվել է 61 ֆիլմ, կարճ ֆիլմերի անվանակարգում` 19 ֆիլմ, որից 5-ը Հայաստանից, «Կինո առանց սահմանի» անվանակարգում` 9 ֆիլմ, որոնցից 3-ը Հայաստանից: Ընդհանուր առմամբ կցուցադրվի մրցութային եւ ոչ մրցութային 350-ից ավելի ֆիլմ: Ֆիլմերի ցուցադրությունը սովորաբար տեւում է 7-8 օր: Յուրաքանչյուր օրն ամփոփվում է տարբեր քննարկումներով:

«Մեկ կադր» փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2003 թվականին ՆՓԱԿ-ում, մասնակցել է 13 ֆիլմ: ՆՓԱԿ-ում փառատոնն անցկացվում է արդեն 11-րդ տարին:

«Երբ արվեստագետի համար դուք սահմանափակում եք ստեղծում, արվեստագետի միտքը սկսում է աշխատել` ոնց այդ սահմանը անցնի, խախտի, հաղթահարի»,- կարծիք հայտնեց ՆՓԱԿ-ի հիմնադիր Էդուարդ Պալասանյանը:

Փառատոնի կազմակերպիչները օտարազգի մասնակիցների ճանապարհային ծախսերը ֆինանսավորում են մասամբ միայն:
XS
SM
MD
LG