Մատչելիության հղումներ

Արտակ Զաքարյան. Հայ-ռուսական համագործակցությանն այլընտրանք չկա


Հայ-ռուսական համագործակցությունն այլընտրանք չունի, արձագանքելով Մաքսային միությանն ինտեգրվելու մասին Մինսկում Հայաստանի վարչապետի արտահայտած պատրաստակամությանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, հանրապետական Արտակ Զաքարյանը:

«Մեր ռազմավարական գործընկերներն են, եւ հայ-ռուսական համագործակցությունը երբեք չի կարելի համեմատության մեջ դնել այլ հարթության համագործակցության հետ», - ասաց Զաքարյանը:

Հայաստանը այժմ Եվրամիության հետ բանակցում է Ասոցացման համաձայնագրի ու Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ: Անցած տարեվերջին Եվրամիության արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատարի խոսնակ Մայա Կոչիյանչիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել էր` եթե Հայաստանը որոշի միանալ որեւէ մաքսային միության, ապա դա անհամատեղելի կլինի Եվրամիության եւ Հայաստանի միջեւ կնքվելիք երկկողմանի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի հետ:

Եվրամիության հետ իրականացվող որեւէ ծրագիր չի դադարեցվի, անգամ չի դանդաղի, համոզված է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը: Զաքարյանն ասում է` Եվրամիությունը վերջին շրջանում հարցը կտրուկ չի դնում` կամ եվրաինտեգրում, կամ Ռուսաստանի հետ մաքսային միություն, քանի որ հասկանում է` չի կարող կորցնել Հայաստանը եւ հարցականի տակ դնել Արեւելյան գործընկերության ծրագիրը:

«Եվրամիությունը որոշ չափով վերանայել է իր մոտեցումները` հաշվի առնելով Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ընթացքը, եւ նաեւ հասկանում են, որ Հայաստանին եւս չի կարելի կորցնել: Բոլորն էլ հասկանում են, որ միայն Ադրբեջանով Արեւելյան գործընկերությունը կամ եվրաինտեգրումը ուղղակի ծիծաղելի է», - ասաց Զաքարյանը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին, ասաց` Եվրամիության եւ Մաքսային միության հետ համագործակցությունները չեն հակասում միմյանց:

«Հայաստանը այն փորձաքարն է, որի արտաքին քաղաքական ճկունությունը որոշակիորեն նոր հնարավորություններ է ստեղծելու այդ երկու միությունների համագործակցությամբ», - ասաց Զաքարյանը:

Եթե նախկինում Հայաստանի իշխանությունները հերքում էին Մաքսային միությանը անդամակցելու հնարավորությունը, այժմ այդպիսի հաստատակամություն չկա: Օրինակ, Արտակ Զաքարյանը, կարծիք հայտնելով, թե լիարժեք անդամակցություն չի լինի, հարկ համարեց հատուկ շեշտել, որ իր անձնական տեսակետն է ներկայացնում:

Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասում է` ինքը կատաղի դեմ է, թե ԱՊՀ-ին, թե Եվրամիությանը, եւ կարծում է, որ Հայաստանը պետք է չեզոք շվեյցարական քաղաքականություն տանի` «ոչ մեկի հետ շատ լավ չլինելով»: Բագրատյանը, սակայն, կողմ է Ասոցացման համաձայնագրին եւ այդ ուղղությամբ Հայաստանի կողմից իրականացվող քայլերին:

«Քննադատում եմ նման կարգի միությունները, որոնք թույլ չեն տալիս, որ այսօր աշխարհը զարգանա: Նման միություններ ստեղծելու հիմնական պատճառը ռեսուրսները ներսում պահելն է, ռեսուրսների արտահոսք թույլ չտալն է: Իսկ մեզ արտահոսք է պետք` երկիրը զարգացնելու համար», - ասաց նախկին վարչապետը:

Բագրատյանը կարծում է, որ ժողովուրդը պետք է որոշի` Հայաստանն ուզում է դեպի Եվրոպա, թե` դեպի ԱՊՀ շարժվել:

«Երկու ինտեգրումն էլ կապված են սուվերենիտետի կորստի հետ, եւ դա պետք է լուծի ժողովուրդը: Ժողովուրդը ոնց քվեարկի, այդպես էլ մենք կարող ենք վարվել, եւ դա ճիշտ կլիներ», - ասաց նա:

Նախկին վարչապետի այս կարծիքը կիսում է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նա համոզված է, որ Եվրամիությունը այս տարեվերջին կնախաստորագրի Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը, բայց «կամ-կամ»-ի հարց մի օր առաջանալու է:

«Ի վերջո արժե նաեւ հարցնել հանրության, ժողովրդի տեսակետը», - ասաց Զոհրաբյանը:
XS
SM
MD
LG