Մատչելիության հղումներ

Քննարկվում է Եվրասիական միության հետ Հայաստանի համագործակցության ձեւաչափը


«Ընթանում է բանակցային գործընթաց», – ասում է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

Ռուսաստանի եւ Հայաստանի կառավարությունները բանակցություններ են վարում Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության կամ ասոցիացված ձեւաչափով համագործակցության շուրջ:

Այսօր երեւանյան մամուլի ակումբներից մեկում պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` նման հայտարարություն արեց մեր երկրում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

«Ընթանում է բանակցային գործընթաց», – նշեց դեսպանը, – «Ոչինչ դեռ որոշված չէ ձեւաչափի հետ կապված, դա կարող է լինել ասոցիացիա կամ ինչ-որ մի գործընկերություն կամ անդամակցություն»։

Վոլինկինի խոսքով, անհրաժեշտ է համահունչ դարձնել պետությունների օրենսդրական դաշտերը այս կամ այն հարցերի հետ կապված, որոնք հնարավոր է ծագեն Եվրասիական միության հետ պետության այս կամ այն ձեւաչափով միավորման ընթացքում։

«Կարծում եմ` վաղ է խոսել բանակցությունների բովանդակության մասին», – նաեւ ասաց դեսպանը, հավելելով, թե բանակցությունների վերջնաժամկետ սահմանված չէ:

Իվան Վոլինկինը նաեւ ասաց, թե Ռուսաստանի ղեկավարությունը կողջունի Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը եւ Մաքսային միությանը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է հայտարարել, թե մտադիր է Մաքսային միության հիման վրա մինչեւ 2015թ.-ը ստեղծել մի նոր կառույց` Եվրասիական միություն: Արեւմուտքը սա գնահատում է որպես Խորհրդային Միության վերստեղծման փորձ:

Մայիսի 31-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացած ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի ժամանակ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերը քննարկել են Մաքսային միությանը Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր:

Ըստ «Ռիա Նովոստիի», Դմիտրի Մեդվեդեւը, մասնավորապես ասել էր, թե Ռուսաստանը կարեւորում է Հայաստանի ձգտումը Մաքսային միությանը ինտերգվելու հարցում եւ որ Հայաստանը ցանկանում է մասնակցել միությանը: Իսկ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել էր, որ Երեւանի դիրքորոշումը «հստակ է եւ ոչ մի կասկած չկա»: – «Այժմ պետք է տեխնիկական մակարդակում որոշել, թե ինչ տեմպով եւ ինչ քայլերով առաջ ընթանալ»,- ասել էր Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը հավելել էր, թե ինքը Մինսկում Եվրասիական միության կոլեգիայի քարտուղար Վիկտոր Խրիստենկոյի հետ արդեն քննարկել է Միությանը ինտեգրվելու հուշագրին առնչվող հարցերը:

«Համաձայնություն կա այն հարցում, որ պետք է արագ պատրաստել այդ հուշագիրը, համաձայնեցնել այն նախագահների հետ եւ ստորագրել»,- նշել էր Հայաստանի վարչապետը:

Այսօր Ռուսաստանի դեսպանից նաեւ հետաքրքրվեցինք, թե այդ ի՞նչ հուշագրի մասին է խոսքը, նա ասաց, որ տեղեկություն չունի այդ մասին:

Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետը բազմիցս է բացառել Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը` շեշտելով, որ Հայաստանը չի կարող անդամակցել մի կառույցի, որի հետ ընդհանուր սահմաններ չունի:

Մինսկում տեղի ունեցած քննարկման վերաբերյալ էլ Տիգրան Սարգսյանի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց. – «Հայաստանը գտնվում է առանձնահատուկ պայմաններում, մասնավորապես, չունի ընդհանուր սահման Մաքսային միության անդամ հանդիսացող երկրների հետ, եւ այս հանգամանքը ընդունում է նաեւ ռուսական կողմը: Այս իրավիճակում խոսքն ընդամենը Հայաստանի եւ Մաքսային միության միջեւ համագործակցության փոխընդունելի ձեւաչափ գտնելու մասին է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG