Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է Սյունիքի մարզպետի որդին


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Հայաստանի դատախազությունը տեղեկացնում է, որ շաբաթ երեկոյան Գորիս քաղաքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, որոնց հետեւանքով սպանվել է Ավետիք Բուդաղյանը, եւս երկու անձ վիրավորվել է, ձերբակալվել են Զարզանդ Նիկողոսյանը եւ Տիգրան Խաչատրյանը:

«Հունիսի 2-ին Ոստիկանության Գորիսի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` հունիսի 1-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում Գորիս քաղաքում գտնվող, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան դիմաց տեղի ունեցած վիճաբանության ընթացքում արձակված կրակոցների հետևանքով Ավետիք Էմիլի Բուդաղյանի մահանալու եւ եւս երկու անձանց մարմնական հրազենային վնասվածքներ ստանալու փաստի առթիվ», - ասված է դատախազության հաղորդագրությունում: - «Նախաքննության ընթացքում պարզված համարելով, որ տեղի ունեցած փոխհրաձգության մասնակիցներից Արտակ Էմիլի Բուդաղյանը հանդիսանում է պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնում ծառայություն իրականացնող անձ, հունիսի 2-ին որոշում է կայացվել քրեական գործն ըստ քննչական ենթակայության ՀՀ ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու մասին, նույն օրը գործը վարույթ է ընդունվել ՀՀ ՊՆ ՔԾ ՀԿԳ քննչական բաժնում»:

Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ դատախազությունը տեղեկացնում է, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակի զենք, որոշումներ են կայացվել դատաբժշկական, դատաձգաբանական փորձաքննություններ նշանակելու մասին, կատարվել են խուզարկություններ եւ այլ անհետաձգելի քննչական գործողություններ:

«ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հանցագործություններ կատարելու կասկածանքով 2013 թվականի հունիսի 2-ին եւ 3-ին ձերբակալվել են Գորիս քաղաքի բնակիչներ` Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանը եւ Տիգրան Սուրիկի Խաչատրյանը», - փոխանցում է դատախազությունը` հավաստիացնելով, որ «դեպքին նախորդող եւ հաջորդող իրադարձությունների առնչությամբ այլ անձանց, գործողություններին` անկախ նրանց պաշտոնից կամ զբաղեցրած դիրքից, դեպքին առնչվող կամ այլ հանցավոր հնարավոր գործողություններին ներգրավվածության պարագայում կտրվի համապատասխան իրավական գնահատական, ինչի մասին պարբերաբար կտեղեկացվի հանրությանը»:

Նախաքննությունը շարունակվում է:

«Վստահեցնում ենք, որ ՀՀ զինվորական դատախազությունը, ՀՀ ՊՆ քննչական ծառայության եւ այլ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ, ձեռնարկել եւ ձեռնարկելու են բոլոր հնարավոր միջոցները հանցագործություն կատարած յուրաքանչյուր անձի համարժեք քրեական պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:

Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը 8-ից մինչեւ 15 տարվա կամ ցմահ ազատազրկում է նախատեսում շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության համար, 235-րդ հոդվածի 1-ին մասը վերաբերում է ապօրինի զենքին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG