Մատչելիության հղումներ

ԼՂ-ում «առանց անհանգստության են» ընդունել Լավրովի հայտարարությունը


 ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայան

ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայան

Լեռնային Ղարաբաղի քաղաքական ղեկավարությունը համոզված է, որ Արցախի ներկայիս սահմաններում միայն հայկական հողեր են, ուստի, ԼՂ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ` «առանց որեւէ անհանգստության» ընդունեցին Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի վերջերս արված հայտարարությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Բաբայանը հիշեցրեց, որ նախկինում նման կարգի հայտարարություններ բազմիցս են արվել, սակայն դրանք «իրավիճակ չեն փոխել»:

Հիշեցնենք, մայիսի 21-ին Մոսկվայում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե ղարաբաղյան ստատուս քվոն անընդունելի է եւ որ «ստատուս քվոն նշանակում է ոչ միայն ադրբեջանական տարածքների վերադարձի հարցի լուծված չլինելը, այլեւ` Հայաստանի տնտեսական շրջափակումը»:

«Փոփոխությունը կապված չէ տարածքների հետ: Ստատուս քվոն ինքնին նշանակում է, որ հարցը պետք է կարգավորվի: Մենք էլ ենք կողմնակից, որպեսզի ստատուս քվոն փոխվի եւ հարցը վերջնականապես կարգավորվի», - հավաստիացրեց Բաբայանը` շարունակելով. - «Այս կարգավորումը կողմերը պատկերացնում են տարբեր ձեւ: Ադրբեջանը պատկերացնում է վերադարձ մինչեւ 1988 թվականը, ինչն անհնարին է, մենք պատկերացնում ենք այն, որ պիտի երկու պետությունները իրար ճանաչեն, առաջին հերթին Ադրբեջանը ճանաչի Արցախին, Արցախը ճանաչի Ադրբեջանին»:

Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանի արտգործնախարարը հանդես եկավ այդպիսի հայտարարությամբ, Դավիթ Բաբայանը պատասխանեց. - «Սա այնպիսի մի հիմնախնդիր է, որը չպետք է բառացիորեն հասկացվի: Մենք ունենք Ադրբեջանի հետ սահմանների խնդիրներ: Ադրբեջանի համար կարեւորը դա է, մեզ համար մեկ այլ խնդիր է կարեւոր: Սա նշանակում է, որ պիտի բանակցենք: Իհարկե, չի լինելու վերադարձ 88 թվականին, դա բացառված է»:

Անդրադառնալով բանակցային գործընթացին` Բաբայանն ասաց. - «Կարծում եմ, որ բանակցությունները կշարունակվեն, բայց ակնկալել, որ կլինի բեկում, շատ ու շատ վաղաժամ է: Որովհետեւ կողմերը պատրաստ չեն, առաջին հերթին` Ադրբեջանը: Նա չի ուզում իրականությունը հաշվի առնել, ուզում է նույն փիլիսոփայությամբ առաջնորդվել` ճնշել, ոչնչացնել արցախահայությանը»:
XS
SM
MD
LG