Մատչելիության հղումներ

Բելգիայում թողարկված Հեյդար Ալիեւի դրոշմանիշը պաշտոնական չէ


Բելգիայում հրապարակված Հեյդար Ալիեւի դրոշմանիշը
Բելգիայում հրապարակված Հեյդար Ալիեւի դրոշմանիշը
Բելգիայի փոստային ծառայությունը մի շատ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ բողոքել է Բելգիայում Ադրբեջանի դեսպանատանը` նշելով, որ մամուլում հրապարակված այն հաղորդումները, թե փոստը հրատարակել է Հեյդար Ալիեւին պատկերող դրոշմանիշը, սխալ տպավորություն է ստեղծում։ Իրականում, ինչպես նշել է խոսնակը, Բելգիայի փոստային ծառայությունները նման դրոշմանիշեր թողարկում են բոլորի համար` անհատական պատվերով։

Մինչդեռ ադրբեջանական պետական լրատվական գործակալությունը` «Ազերթաջ»-ը տարածել է մի հաղորդագրություն, ըստ որի` «Բելգիայի փոստային ծառայությունը թողարկում է դրոշմանիշ, որով նշվում է Ադրբեջանի ազգային առաջնորդ Հեյդար Ալիեւի ծննդյան 9Օ-ամյակը»։

Հետաքրքիր է Բրյուսելում հավատարմագրված Ադրբեջանի գլխավոր դիվանագետի այս առթիվ հրապարակված հայտարարությունը։ 9Օ եվրոսենթ արժողությամբ դրոշմանիշը, որը թողարկվել է մայիսի սկզբին, պետք է օգնի եվրոպական մակարդակով անմահացնելու Հեյդար Ալիեւին, ասել է Բելգիայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսկանդարովը։

Սակայն, ինչպես հավաստիացնում է բելգիական փոստային ծառայության ներկայացուցիչը, Հեյդար Ալիեւի դրոշմանիշը ԲՓՈՍՏ-ի պաշտոնական դրոշմանիշը չէ։ Խոսնակն ասում է, որ Բելգիայում կա այսպես կոչված «Իմ դրոշմանիշը» ծառայությունը, որը անհատ մարդկանց հնարավորություն է տալիս թողարկել իրենց իսկ սեփական դրոշմանիշերը, ասենք` հատուկ տարեդարձների կամ ծննդյան ու հարսանեկան հանդեսների առթիվ։

Այս հատուկ ծառայությունը սկսվել է շուրջ տասը տարի առաջ եւ գնալով ավելի մեծ ժողովրդականություն է ձեռք բերում։ Տարեկան հարյուր հազարավոր պատվերներ են լինում։ Մարդիկ պարզապես սիրում են անհատական դրոշմանիշներ պատվիրել։ Նրանք լուսանկարում են իրենց, իրենց հարազատներին, ընկերներին, եւ հետո փոստը պատրաստում է սահմանափակ թվով դրոշմանիշներ սոսկ մասնավոր նպատակների համար։

Հեյդար Ալիեւի դրոշմանիշը թողարկվել է հենց այս ծառայության կողմից եւ չի կարող համարվել պաշտոնական։ Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը, բելգիական փոստի խոսնակը, ով չի ցանկացել հրապարակել իր անունը, ասել է, թե ԲՓՈՍՏ-ը պաշտոնապես բողոք է ներկայացրել Բրյուսելում Ադրբեջանի դեսպանատանը այն բանի համար, որ Ալիեւի դրոշմանիշը ներկայացվել է իբրեւ պաշտոնական։ Այդ դրոշմանիշի համար պատասխանատվությունը կրում է միմիայն այն անձը, ով պատվիրել է դրոշմանիշը, հայտարարել է ԲՓՈՍՏ-ի խոսնակը։

Ադրբեջանի դեսպանատունը, ՆԱՏՕ-ում ադրբեջանական դիվանագիտական առաքելությունը եւ Բելգիայում գործող ադրբեջանական սփյուռքի տարբեր կազմակերպություններ հատուկ տոնել են Ալիեւի դրոշմանիշի թողարկումը իբրեւ մեծ իրադարձություն։

Խոսնակը ավելացրել է, որ փոստը արգելում է «Իմ դրոշմանիշը» ծառայությանը թողարկել հայտնի դիկտատորների, ասենք` Ստալինի եւ Հիտլերի դիմանկարները, մերկ մարդկանց եւ այլ նկարներ, որոնք հրապարակելը դեմ է «հասարակական կարգին»։ Խոսնակը ասել է, թե այսուհետեւ փոստը ավելի ուշադիր կլինի դրոշմանիշների թողարկման հարցում եւ որքան հնարավոր է շատ ստուգումներ կկատարի ապագայում` պատկերվող անձի ինքնությունը պարզելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG