Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Քուվեյթը կակտիվացնեն տնտեսական համագործակցությունը


Այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ պատգամավորները հանդիպեցին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակության հետ:

«Միջազգային կառույցներում իրենք միշտ քվեարկում են որպես նեյտրալ կողմ: Իրենք ո'չ կողմ, ո'չ դեմ եմ, որի համար մենք իրոք շնորհակալ ենք` հաշվի առնելով ե'ւ կրոնական, ե'ւ այն հանգամանքը, որ Ադրբեջանը Քուվեյթում ունի դեսպանություն շատ վաղուց», - լրագրողների հետ զրույցում ասաց Քուվեյթում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը:

Հայաստանցի գործընկերների հետ հանդիպմանը Քուվեյթի Ազգային ժողովի նախագահն ասաց, որ սրտանց ցանկանում է, որ հայերը կարողանան կարգավորել իրենց սահմանային հարցերը բոլոր հարեւանների հետ:

Երկու խորհրդարանների նախագահները պատվիրակությունների կազմերի հանդիպումից հետո հավաստիացրին, որ պայմանավորվել են համագործակցել նաեւ միջազգային կազմակերպություններում:
Սիրիական խնդրի վերաբերյալ երկու երկրների դիրքորոշումները նմանություններ ունեն. ե’ւ Հայաստանը, ե’ւ Քուվեյթը խաղաղություն են ուզում:

Նշենք, որ Քուվեյթը Դամասկոսից հետ է կանչել իր դեսպանին: Իսկ Հայաստանի դիրքորոշումը սիրիական հարցում «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մասնավորեցրեց Ֆադեյ Չարչօղլյանը. - «Հայաստանը այսօր թե' Բաշարի հետ, թե' առանց Բաշարի, ուզում է ապահովել հայրենակիցների անվտանգությունը: Մենք այսօր ունենք մեծ համայնք այնտեղ, որոնց անվտանգությունը պետք է ապահովենք: Թե դա ով կապահովի, հարցի երկրորդ մասն է: Բայց մեզ առաջնահերթ հետաքրքրում են մեր հայրենակիցները»:

«Քուվեյթի պետությունը միակ պետությունն է Հայաստանից հետո, որ օգնում է սիրիահայերին: Հարյուր հազար դոլար Քուվեյթի իշխանությունները փող են փոխանցել սիրիահայերին», - նշեց Հովիկ Աբրահամյանը:

Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին, Քուվեյթի Ազգային ժողովի նախագահը նշեց, որ իր երկիրը կողմ է հարցի խաղաղ կարգավորմանը, որովհետեւ զոհվում են թե' իշխող վարչակազմի, թե' ընդդիմության կողմնակիցները: Նա հավելեց, որ իրենք կողմ են ժնեւյան գործընթացի անցկացմանն ու հարցի վերջնական կարգավորմանը:

«Ժնեւ 2» համաժողովի անցկացման նախաձեռնությամբ, հիշեցնենք, մայիսի 2-ին հանդես են եկել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտգործնախարարները: Համաժողովի անցկացման գաղափարը պաշտպանել են ինչպես սիրիական ընդդիմության, այնպես էլ իշխանության բարեկամ համարվող երկրները: Սիրիայի իշխանությունները համաձայնել են մասնակցել համաժողովին, իսկ ընդդիմությունը մի շարք պահանջներ է ներկայացրել միջազգային հանրությանը:

Այսօրվա հանդիպման ընթացքում Հայաստանն ու Քուվեյթը պայմանավորվել են ակտիվացնել տնտեսական համագործակցությունը: Այդ երկրում Հայաստանի դեսպանի խոսքով, ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ մի քանի տասնյակ հազար դոլար է կազմում, եւ կողմերը հույս ունեն տասնապատկել այն:

Քուվեյթին հետաքրքրում են Հայաստանի գյուղատնտեսական ապրանքները: Ալի Ֆահտ Ալ-Ռաշիդը նշեց, որ Քուվեյթը պատրաստ է նաեւ ներդրումներ անել Հայաստանում. - «Կհամագործակցենք Քուվեյթի զարգացման հիմնադրամի հետ` Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անելու համար ճիշտ ուղղությունները գտնելու»:
XS
SM
MD
LG