Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանը «աջակցում եւ աջակցելու է» սիրիահայերին


Սերժ Սարգսյանը նախագահում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

Սերժ Սարգսյանը նախագահում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանը, ով նաեւ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, անդրադարձել է սիրիահայության խնդիրներին:

Նախագահը նշել է, որ առաջիկա տարիները լինելու են տքնաջան եւ արդյունավետ աշխատանքի տարիներ. - «Կարծում եմ, որ լուրջ արդյունքներ արձանագրելու համար ունենք բոլոր անհրաժեշտ հիմքերը: Իսկ ընտրությունների բացակայությունը առաջիկա տարիներին կծառայի որպես շատ լավ առիթ քիչ խոսելու եւ շատ աշխատելու համար»:

«Անշուշտ, շարունակվում են բազմաթիվ եւ բազմաբնույթ մնալ նաեւ Սփյուռքի խնդիրները, բայց այս օրերին Սիրիայի եւ սիրիահայության վիճակը բոլորիս համար դեռեւս մնում է որպես բաց վերք», - ասել է նախագահը: - «Մենք ե'ւ որպես պետություն, ե'ւ որպես հայ ժողովուրդ աջակցում եւ աջակցելու ենք սիրիահայ մեր քույրերին ու եղբայրներին` անկախ այն բանից, նրանք եկել են Հայաստան, թե մնացել են Սիրիայում»:

Երկու տարուց ավելի շարունակվող սիրիական հակամարտության հետեւանքով հայաշատ Հալեպից Հայաստան տեղափոխվեց ավելի քան 10.000 սիրիահայ: Նրանցից 7.000-ը դեռեւս հայրենիքում է բնակվում՝ հիմնականում սպասելով Սիրիայում խաղաղության հաստատմանը:

Սիրիայի կառավարության ու ընդդիմութան զորքերի բախումների հետեւանքով այդ երկրում անցած երկու տարում զոհվել է ավելի քան 50, գերեվարվել՝ մի քանի տասնյակ հայ: Ռմբակոծությունների հետեւանքով բազմաթիվ բնակարաններ, մշակութային օջախներ են ավերվել:

Հալեպում կրակոցների, պայթյունների ու հրթիռների արձակման վտանգի տակ ապրող «Ազատություն» ռադիոկայանի աղբյուրները փոխանցում են, որ կյանքը հարազատ Հալեպում շարունակում է հետ գնալ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ՝ վիճակն ավելի է վատթարացել:

Գրիգոր Զոպյանը պատմում է, որ մինչեւ պատերազմը Հալեպում նաեւ կանանց շրջանում ընդունված էր մինչեւ լուսաբաց զբոսնել ընկերներով, լավ ժամանակ անցկացնել: Հիմա արդեն մութն ընկնելուն պես բոլորը տուն են շտապում:

Սիրիահայերը հաճախ են պատմում, թե մինչեւ պատերազմն ինչ էժանություն էր այդ երկրում: Սիրիական ազգային դրամը՝ ֆունտը հիմա արժեզրկվել է, իսկ ապրանքները ոչ միայն նվազել են խանութներում, այլեւ մի քանի անգամ թանկացել:

Սիրիայում հայերը արդեն երկար ժամանակ չեն աշխատում, գոյատեւում են սիրիահայերի շտապօգնության մարմնի կողմից հատկացվող սննդով, ապրում են կուտակած միջոցներով:

Սիրիայում գտնվող մեկ այլ սիրիահայ՝ Րաֆֆի Մերջանյանն էլ նկատում է, թե ժողովուրդը «շվարած է, խուճապի մեջ է ապրում»: Րաֆֆի նշում է, որ ապստամբների զորքերն ավելի մոտ են հայաբնակ թաղամասերից, ինչն էլ ստիպում է մարդկանց զգուշավոր լինել:

Սիրիական պատերազմի հետեւանքները մեղմելու նպատակով սիրիահայ համայնքին մեկ տարուց ավելի է տարաբնույթ օգնություն է հատկացվում: «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2012»-ի արդյունքում ստացված գումարի տասը տոկոսը որոշվել էր հատկացնել Հայաստանում ու Սիրիայում գտնվող սիրիահայերին:

Սփյուռքի նախարարության տվյալներով, սիրիահայերին օգնության ձեռք մեկնեցին տարբեր կազմակերպություններ՝ Հայ օգնության միությունը, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը եւ այլ կառույցներ: Հատկացված օգնությամբ հնարավոր դարձավ Հալեպում սննդի փաթեթներ հատկացնել դրա կարիքն ունեցողներին, ինչպես նաեւ օժանդակել Հայաստան տեղափոխված սիրիահայերի տարաբնույթի հարցերի լուծմանը:
XS
SM
MD
LG