Մատչելիության հղումներ

Արքայազն Չարլզն այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալում է Արքայազն Չարլզին: 30-ը մայիսի, 2013թ.
Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալում է Արքայազն Չարլզին: 30-ը մայիսի, 2013թ.
Ուելսի արքայազն Չարլզը, ով մասնավոր այցով Հայաստանում է «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հրավերով, այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որտեղ նրան ընդունել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Վեհափառ Հայրապետի մամուլի խոսնակ Վահրամ քահանա Մելիքյանի փոխանցմամբ, Գարեգին Երկրորդը արքայազնին ներկայացրել է Հայ եկեղեցու պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել միջեկեղեցական հարաբերություններին` մասնավորապես Հայ եւ Անգլիկան Եկեղեցիների միջեւ առկա համագործակցությունը:

«Անցնող երեք օրերի ընթացքում, որ Արքայազնը գտնվել է Հայաստանում, տարբեր այցելություններ է ունեցել` այդ թվում նաեւ տարբեր սրբավայրեր` Խոր Վիրապ, Սուրբ Գեղարդավանք եւ Սուրբ Հռիփսիմե վանքեր, որտեղ եւս մշտապես իրեն դիմավորել են եկեղեցականներ, ներկայացրել են ե’ հայ ժողովրդի, ե’ւ Հայ եկեղեցու պատմությունը, ե’ւ այն ճանապարհը, որ մեր քրիստոնյա ժողովուրդը անցել է դարերի ընթացքում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մելիքյանը:

Հարցին, թե ինչն ամենաշատը տպավորեց արքայազնին, Տեր Վահրամը պատասխանեց. - «Իմ անձնական տպավորությունն այն է, որ շատ տպավորված էր Խոր Վիրապով, Արարատ լեռով, ինչպես նաեւ Գեղարդավանքով, բոլոր այն արժեքներով, որ պահպանվում են Մայր Առոթ Սուրբ Էջմիաիծնում»:

Հավելենք, որ Արքայազն Չարլզը օրվա երկրորդ կեսին մեկնել է Հայաստանից:

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամի աննախադեպ այցը Հայաստան մասնավոր էր` «Երեւան, իմ սեր» բարեգործական ծրագրի հրավերով: Եռօրյա այցի առաջին երկու օրերին Միացյալ Թագավորության թագաժառանգը այցելել էր Մատենադարան, հանդիպում էր ունեցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այցի ընթացքում նրան ուղեկցում էր «Երեւան, իմ սեր» բարեգործական ծրագրի հիմնադիր, Միացյալ Թագավորությունում ՀՀ առաջին դեսպան, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:
XS
SM
MD
LG