Մատչելիության հղումներ

Հայկական պատվիրակությունը դրական է գնահատում Եվրանեսթի նիստի արդյունքները


Բելգիա - Եվրախորհրդարանի շենքը Բրյուսելում

Բելգիա - Եվրախորհրդարանի շենքը Բրյուսելում

Բրյուսելում Եվրախորհրդարանի շենքում եւս մեկ միջոցառում էր կազմակերպվել` հայկական հարցերով:

Չորեքշաբթի օրը Բրյուսելում Եվրոպական խորհրդարանում ավարտվեց Արեւելյան գործընկերության Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 3-րդ լիագումար նիստը, որին մասնակցում էր նաեւ հայկական պատվիրակությունը:

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դրական գնահատեց նիստի արդյունքները` շեշտելով, որ այս օրերին Բրյուսելում հայկական պատվիրակությունը կարողացավ համաձայնության գալ մի շարք կարեւոր հարցերի շուրջ:

«Բոլոր ադրբեջանական բանաձեւերը` հակաղարաբաղյան, որտեղ Հայաստանի մասին խոսվում էր որպես ագրեսոր պետություն, «օկուպացված տարածքներ», դրանք բոլորը թափեցին դուրս, եւ Վահան Հովհաննիսյան

Վահան Հովհաննիսյան

ընդհանուր առմամբ բալանսավորված նորմալ փաստաթղթեր ընդունվեցին: Եվ ամենակարեւոր խնդիրը, որ մենք դրել էինք, այսօր վերջնականապես լուծվեց` հաջորդ նիստը, Եվրանեսթի պառլամենտական վեհաժողովի լիագումար նիստը լինելու է Երեւանում` հաջորդ տարվա աշնանը», - փոխանցեց Վահան Հովհաննիսյանը:

Դաշնակցության դրական գնահատականին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում համաձայնեցին պատվիրակության անդամ բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները:

Հանրապետական Հովհաննես Սահակյանն էլ ասաց, որ Բրյուսելում հայաստանյան քաղաքական ուժերը համերաշխ են եւ ներքին քաղաքական հարցերը արտաքին քաղաքականությանը չեն խառնում:

«Ի պատիվ մեր պատվիրակության` պետք է ասեմ, որ այն հարցերը, որոնք չեն վերաբերում մեր ներքին քաղաքականությանը, թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական թեւ ներկայացնող մեր գործընկերները պետության, երկրի, ժողովրդի, ազգի շահերը պահեցին բավականին բարձր», - հայտարարեց Սահակյանը:

«Կարեւորագույն ձեռքբերումներից մեկը այն էր, որ 14 թվականի Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կայանալու է Հայաստանում` Երեւանում: Կարծում եմ, սա եւս մեկ լավ առիթ է, որպեսզի այն հյուրերը, այն պատվիրակները, պատգամավորները, որ լինեն մեր Հովհաննես Սահակյան

Հովհաննես Սահակյան

երկրում, [նրանց] ներկայացնենք այն գլոբալ առումով խնդիրները, որոնք ծառացած են մեր պետության առջեւ, գերակա ուղղությունները արտաքին քաղաքականության` դրանք Ցեղասպանության խնդիրն է եւ Արցախի անկախությունը ճանաչելու եւ Արցախ պետությունը ճանաչելու խնդիրն է», - ասաց հանրապետական պատգամավորը` շարունակելով. - «Իսկ մյուս այն փոքրիկ խնդիրները, որոնք միգուցե տեխնիկական էին, միգուցե ինչ-որ աշխատանք են պահանջում, մենք փորձեցինք իրականացնել, կատարել, եւ որեւէ խոչընդոտ, որեւէ բացթողում այս նիստի ընթացքում չունեցանք»:

Հիշեցնենք` Եվրանեսթը բազմակողմանի խորհրդարանական համագործակցության հարթակ է, Եվրոպական խորհրդարանը եւ Արեւելյան գործընկերության երկրների պատգամավորական պատվիրակությունները միավորող կառույց, որին անդամակցում են Արեւելյան գործընկերության բոլոր երկրները` բացառությամբ Բելառուսի, եւ քննարկում մարդու իրավունքներին, տնտեսությանը, էներգետիկ անվտանգությանն ու մշակույթին վերաբերող հարցեր: Սովորաբար Եվրանեսթի նիստերը ուղեկցվում են ադրբեջանական պատվիրակության հակահայկական ելույթներով:

«Եվրանեսթում անընդհատ այս վիճակը ստեղծվելու է, այսինքն` ադրբեջանցիները անընդհատ փորձելու են Եվրանեսթը սարքել հակահայկական պրոպագանդայի մի բեմ, որին մենք միշտ դեմ ենք լինելու: Հիմա սա կարծես թե արդեն այդքան էլ դժվար չէ, որովհետեւ մենք կարողացել ենք ամուր հիմքեր աշխատանքային այստեղ ստեղծել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Վահան Հովհաննիսյանը` հավելելով. - «Բայց այս պրոբլեմները միշտ մնալու են, որովհետեւ նրանք ավելի ու ավելի ուժեղացնում են իրենց ճնշումը` ունենալով ֆանտաստիկ ֆինանսական հնարավորություններ, որոնցից մենք զրկված ենք, մենք դա հատուցում ենք ուրիշ կերպով»:

Դաշնակցական պատգամավորի կարծիքով` «ապագայում նախատեսված լիագումար նիստը Երեւանում պետք է լավապես օգտագործել Հայաստանի, հայության, Լեռնային Ղարաբաղի քարոզչության համար»:

Դեռ 2011-ին Վահան Հովհաննիսյանը առաջարկել էր վեհաժողովի լիագումար նիստը Երեւանում անցկացնել` հիմնավորելով, որ սեպտեմբերին Հայաստանը նշելու էր Անկախության տոնը:

Մեկ այլ նիստ Եվրախորհրդարանում` հայկական հարցով


Ի դեպ, Եվրախորհրդարանում եւս մեկ նիստ անցկացվեց` հայկական հարցով: Հայ դատի Բրյուսելի գրասենյակի կազմակերպած միջոցառմանը ներկա էին Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող եվրոպացի քաղաքական գործիչներ, դիվանագետներ եւ քաղաքագետներ, ովքեր քննարկեցին հարցի հնարավոր առաջիկա զարգացումները: Ելույթ ունեցան վերջերս Լեռնային Ղարաբաղ այցելած Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Տեոխարուսը եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն, ովքեր հայտնի են հատկապես Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը եւ Լեռնային Ղարաբաղի ճանաչմանն ուղղված ջանքերով:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Վալերի Բուայեն ասաց. - «Անցյալի իմացությունը շքեղություն չէ, այլ` ժողովրդավարության գրավական: Եվրոպան դատապարտում է ցեղասպանության ժխտումը: Սա միայն հայերին վերաբերող հարց չէ, այլ համընդհանուր նպատակ Վալերի Բուայե

Վալերի Բուայե

է, որովհետեւ սա ժամանակակից Եվրոպայի առաջին ցեղասպանությունն է: Այսօր ղարաբաղյան հակամարտությունը ցեղասպանության շարունակությունն է»:

«Մենք պարտավոր ենք անել ամեն ինչ, որ ցեղասպանության ժխտողականությունը դատապարտվի Եվրամիության անդամ երկրների կողմից: Ինչպես խոսել ժողովրդավարության, Եվրոպական միության ընդլայնման մասին, լինել քաղաքական առումով ուժեղ, ինչպես լուծել Սիրիայի հակամարտությունը, եթե մենք չենք քրեականացնում ցեղասպանության ժխտումը», - ընդգծեց Բուայեն:

Եվրոպական պառլամենտում քննարկումներից հետո հայ եւ եվրոպացի պատգամավորները Հայաստանի Հանրապետության տոնը շնորհավորեցին Բելգիայի Թագավարությունում Հայաստանի դեսպանատանը:
XS
SM
MD
LG