Մատչելիության հղումներ

Կարկուտից արդյունավետ կերպով պաշտպանվելու ամենալավ միջոցը հատուկ ցանցերն են, որոնք, սակայն, Կառավարությունը գոնե առաջիկա տարիների չի ծրագրում ձեռք բերել:

«Մեկ հեկտարը ծածկելու համար մոտավորապես 15-20 հազար եվրո արժե: Դա իսկապես շատ թանկ հաճույք է», - անցած տարվա պետբյուժերի կատարման տարեկան հաշվետվության քննարկումների ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց Արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:

Նրա փոխանցմամբ, անբավարար է նաեւ հակակարկտային կայանների թիվը. ունենք 250, իսկ անհրաժեշտ է առնվազն 1000-ը:

Փոխնախարարը վստահեցրեց, թե այս ամսվա սկզբին տեղացած կարկուտը հնարավոր չէր կանխարգելել. - «40-50 տարին մեկ անգամ է այդպիսի աղետ լինում, որի դեմը ո'չ հրանոթը, ո'չ հակակարկտային կայանը չէր կարողանալու [առնել]: Թուրքիայի տարածքից որպես ձեւավորված կարկուտ ներս է մտել հանրապետության տարածք, որ հազար հատ հակակարկտային կայան լիներ, դրան ոչինչ անել հնարավոր չէր»:

Հայաստանում հակակարկտային կայանների մի մասը կառավարվում է Արտակարգ իրավիճակների նախարարության, մյուս մասը` համայնքների կողմից: Որոշվել է վերահսկողությունն ամբողջությամբ փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարությանը, քանի որ, ինչպես ասաց փոխնախարարը, գյուղեր կան, որտեղ «գյուղապետը գումար չի ունեցել, չի կարողացել ժամանակին գազի բալոնները լցված բերել-տեղադրել»:
XS
SM
MD
LG