Մատչելիության հղումներ

Սպառողներին վաճառվող բնական գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում այսօր նախատեսված աշխատանքային քննարկումը ձախողվեց:

Հանձնաժողովի անդամներից բացի, աշխատանքային քննարկման համար նախատեսված դահլիճում էին նաեւ «Հայռուսգազարդ»-ի, ինչպես նաեւ Հանրային խորհրդի ներկայացուցիչները: Նախանշված աշխատանքային քննարկումը գլխավորում էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանը:

Ներկաներից մեկը նկատեց, որ քննարկմանը մասնակցելու համար նախապես գրանցված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից միայն մի մասն է կարողացել մտնել հանձնաժողովի դահլիճ: Կիրակոսյանը հակադարձեց, թե դահլիճում տեղերը սահմանափակ են:

Դահլիճում ներկաներից շատերը, սակայն, շարունակեցին բողոքել, եւ հանձնաժողովի նախագահի տեղակալն ընդմիջում հայտարարեց, որպեսզի ղեկավարության հետ քննարկի հանդիպումը հետաձգելու եւ ավելի ընդարձակ վայրում շարունակելու հնարավորությունը:

Մոտ 10 րոպե տեւած ընդմիջումից հետո դահլիճ եկավ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Ակտիվիստները պնդեցին հանդիպումն ավելի ընդարձակ վայրում շարունակելու իրենց պահանջը:

«Մենք դահլիճային պայմաններում որեւէ նման քննարկում չենք կազմակերպի, որովհետեւ դա չի լինի քննարկում: Դահլիճը միտինգների համար է, ժողովների համար է, բայց ոչ նմանատիպ քննարկումների եւ հանրային լսումների», - հակադարձեց Նազարյանը` առաջարկելով. - «Միկրոֆոնի պայմաններ մենք կստեղծենք, կբարձրանանք մեր մյուս դահլիճը, այդտեղ միկրոֆոն կա»:

Հանձնաժողովի նախագահի առաջարկը չընդունվեց: Նազարյանը հանդես եկավ մեկ այլ առաջարկով. - «Հիմա մենք աշխատանքային խումբ կստեղծենք, կցուցակագրենք բոլոր խմբերին եւ վաղը տարբեր ժամերի մեր դահլիճում կսկսենք այդ քննարկումները կազմակերպել: Վաղը, մյուս օրը, մյուս օրը` ինչքան որ պետք է»:

Ռոբերտ Նազարյանը ստիպված եղավ հայտարարել, որ քննարկումը այսօր տեղի չի ունենա եւ բոլորը լքեցին դահլիճը:

«Մարդիկ չուզեցան առարկայական քննարկում կազմակերպել, այլ փորձեցին սա տեղափոխել քաղաքական դաշտ: Մենք քաղաքական մարմին չենք, մենք հանձնաժողով ենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նազարյանը:

Ի դեպ, հանձնաժողովի պաշտոնական կայքէջում տեղադրված է ««ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների սահմանման մասին» որոշման նախագիծ, որում կարդում ենք. - «1. Սահմանել «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ 1) ամսական մինչեւ 10,0 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը՝ 156000 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը»:

Հիշեցնենք, որ մեկ խորանարդ մետրի դիմաց 156 դրամ սակագնի մասին վերջերս հայտարարել էր հենց հանձնաժողովի ներկայացուցիչը:

Հարցին, թե փոփոխման ենթակա է արդյոք այդ թիվը, Ռոբերտ Նազարյանը արձագանքեց. - «Տեսականորեն դա հնարավոր է: Կախված է նրանից, թե մենք ինչ քննարկումներ կունենայինք եւ ինչպիսի կոնկրետ, ֆունդամենտալ հիմնավորումներ կներկայացներ մեր հանրությունը: Եթե որեւէ լուրջ հիմնավորում կլիներ, որը մեր աշխատակազմը վերանայելու խնդիր կունենար, բնականաբար` իհարկե»:

Նա նաեւ տեղեկացրեց, որ սահմանվածը առավելագույն սակագինն է. - «Առավելագույն գինը իրավաբանական տերմին է: Մենք սահմանում ենք առավելագույն գինը «ՀայՌուսգազարդ»-ի համար, որից հետո ինքը դրանից բարձր չի կարող, բայց ցածր կարող է հանրությանը ծառայություն մատուցել»:

Ռոբերտ Նազարյանն ասաց, որ հաջորդ քննարկման մասին կտեղեկացնեն հավելյալ, իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ արդեն դրսում «Ազատություն» ռադիոկայանի զրույցում ասացին, որ իրենք ցանկանում են մեկ այլ տեղ կազմակերպել քննարկումը ու հրավիրել պատկան մարմիններին:
XS
SM
MD
LG