Մատչելիության հղումներ

Լարրի Քինգը կաշխատի Russia Today-ում


Լարիի Քինգ
Լարիի Քինգ
«Դե, ինչ, ընկերներ, մենք նոր հաղորդավար ունենք, միայն թե չուշաթափվեք», - Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հենց այսպես երեկ Թվիթերում գովազդեց ամերիկացի հանրահայտ լրագրող Լարրի Քինգի նոր շոուն ռուսական ալիքում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն` ամերիկյան լրագրության վետերանը, ով այս ոլորտում ավելի քան 50 տարի է անցկացրել՝ տասնյակ հազարավոր հարցազրույցներ վարելով պետությունների ղեկավարների, քաղաքական գործիչների ու հանրահայտ աստղերի հետ, հունիսից կտեղափոխվի ռուսական պետբյուջեից ֆինանսավորվող Russia Today:

«Ես նախընտրում եմ հարցեր ուղղել մարդկանց, որոնք իշխանական պաշտոններ են զբաղեցնում` նրանց անունից խոսելու փոխարեն: Հենց այդ պատճառով դուք կարող եք հետեւել ինձ Russia Today-ով», -հայտարարում է Լարրի Քինգը` խոստանալով այսուհետ եւս զրուցել քաղաքականության, կառավարության կառուցվածքի եւ ընդհանրապես այն ամենի մասին, ինչն ազդեցություն ունի հասարակության վրա:

Նախագահների ու հանրահայտ մարդկանց հետ իր բացառիկ հարցազրույցների շարքում` 2000 թվականին, Լարրի Քինգը զրուցել էր նաեւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ եւ հետաքրքրվել, թե ինչ պատահեց «Կուրսկ» սուզանավի հետ, ինչին Պուտինն արձագանքել էր բավական կարճ ու կոնկրետ` «այն խորտակվեց»:

Թե ում հետ է հիմա զրուցելու Լարի Քինգը ռուսական եթերում՝ ոչ հեռուստաընկերության, ոչ հանրահայտ լրագրողի մամլո գրասենյակը չեն բարձրաձայնում: Հայտնի է միայն, որ 79-ամյա Քինգի նոր շոուն հեռարձակվելու է ամեն շաբաթ՝ աշխատանքային օրերին:

«Մենք շատ ուրախ ենք նրա հետ համագործակցելու համար, սա թերեւս այն զարգացումների շարքից է, որոնց մասին երազել անգամ չէի կարող 20 տարի առաջ», - Թվիթերում գրել է Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Սոցցանցերի քննարկումներում, սակայն, ոչ բոլոր օգտատերերն են կիսում ռուսական ալիքի ղեկավարության այս ոգեւորությունը: «Հարկատուներ, դիմացեք», գրել է օգտատերերից մեկը՝ ակնարկելով, որ ռուսական ալիքը թերեւս պետբյուջեից հսկայական գումարներ է վճարելու 79-ամյա ամերիկացի լրագրողին: Պաշտոնական աղբյուրներում, սակայն, Քինգի վարձատրության մասին որեւէ բան չի նշվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG