Մատչելիության հղումներ

Մայիսի 29-ին ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ բրիգադում հանդիսավոր պայմաններում նշվել է հայկական խաղաղապահ ուժերի ձեւավորման 12-րդ տարեդարձը, փոխանցում է պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը:

Օրվա միջոցառումների շրջանակներում մի խումբ զինծառայողներ Կոսովոյում ԱՄՆ զորախմբի կազմում տարած բարեխիղճ ծառայության համար ԱՄՆ ԶՈՒ կողմից պարգեւատրվել են «Բանակի ձեռքբերումների համար» մեդալով:

Պաշտպանության նախարարի հրամաններով խաղաղապահները պարգեւատրվել են «Մարշալ Բաղրամյան», «Նելսոն Ստեփանյան» եւ «Անբասիր ծառայության համար» գերատեսչական մեդալներով: Պարգեւները հանձնել են ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Ջեֆրի Սիմսոնը:

Ներկայում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի երեք ստորաբաժանումներ խաղաղապահ առաքելություններ են իրականացնում Աֆղանստանում եւ Կոսովոյում տեղակայված կոալիցիոն ուժերի խաղաղապահ ուժերի կազմում:

«2001 թվականին ձեւավորելով խաղաղապահ ուժերը` Հայաստանն իր պատրաստակամությունը հայտնեց միջազգային հանրության առաջ ծառացած խնդիրների լուծման գործում որոշակի ներդրում ունենալու ուղղությամբ: Դրանցից կարեւորագույնը հայկական խաղաղապահ զորախմբերի անմիջական ներգրավումն է Միացյալ կոալիցիոն ուժերի կողմից պայթյունավտանգ գոտիներում իրականացվող խաղաղապահ առաքելություններին», - հայտարարում է պաշտպանության նախարարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG