Մատչելիության հղումներ

Նորին Արքայական Մեծություն Ուելսի արքայազնը Հայաստանում «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուրն է: Առաջին անգամ է, որ Հայաստան է այցելում Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամը:

Երեւանի հուշարձանների եւ ճարտարապետական ժառանգության պահպանմանն ու վերածնմանն ուղղված «Երեւան, իմ սեր» ծրագիրը, որի հիմնադիրը Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն է, շատ նման է Շոտլանդիայում իրականացվող «Դամֆրիների տուն» ճարտարապետական ժառանգականությանն ուղղված բարեգործական, Շոտլանդիայում, որին անձամբ աջակցում է Ուելսի արքայազնը:

Արքայազն Չարլզն այսօր այցելեց Մատենադարան:

Մի խումբ բնապահպան ակտիվիստներ Մատենադարանի մուտքի բողոքի ակցիա էին կազմակերպել` ցանկանալով Արքայազն Չարլզի ուշադրությունը հրավիրել Ամուլսարի ոսկու հանքի հնարավոր շահագործման հետ կապված բնապահպանական խնդիրների վրա:

Վայոց Ձորում գտնվող այդ հանքավայրը շահագործելու է բրիտանական «Լիդիան ինթերնեյշլ» ընկերությունը, որի տնօրենների խորհրդի անդամ է Արմեն Սարգսյանը:

Արքայազնը, սակայն, Մատենադարան մտավ ոչ գլխավոր մուտքից` անվտանգության նկատառումներով:

Մինչդեռ, բնապահպանների կարծիքով, այդպիսով նա պարզապես խուսափել է իրենց հետ հանդիպելուց:

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էլվզը բնապահպաններից վերցրեց Ուելսի արքայազնին հասցեագրված նամակը` խոստանալով այն փոխանցել թագաժառանգի գրասենյակ:

Նամակում բնապահպանները հորդորում են կանխել Ամուլսարի հանքի շահագործումը:

Ջոնաթան Էյվզը պատասխանում է լրագրողների հարցերին:

Ջոնաթան Էյվզը պատասխանում է լրագրողների հարցերին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` դեսպան Էյվզը համաձայնեց, որ Ամուլսարի հետ կապված մտահոգությունները «արդարացված են», սակայն շեշտեց, որ ինքը «տպավորված է » «Լիդիան ինթերնեշնլ»-ի բնապահպանական մոտեցումներով. - «Մենք ակնկալում ենք, որ նրանք ամեն ջանք կգործադրեն պահպանելու օրենքով սահմանված բոլոր կարգավորումներն ու կանոնները»:

Դեսպանը նաեւ խոստացավ կազմակերպել բնապահպանների հանդիպումը Արքայազն Չարլզի գրասենյակի աշխատակիցների հետ: Էյվզը բնապահպաններին փոխանցեց նաեւ, որ նրանց հետ հանդիպելու ցանկություն է հայտնել նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը:

Եռօրյա այցի ընթացքում նախատեսված են Ուելսի Արքայազնի հանդիպումները Հայաստանի նախագահի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG