Մատչելիության հղումներ

logo-print

Վարչապետը մասնակցեց վագոնային վերանորոգման եւ լոկոմոտիվային դեպոների բացմանը


Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինի հետ միասին Գյումրիում մասնակցեց լոկոմոտիվային եւ վագոնային վերանորոգման դեպոների բացմանը:

Այս երկու դեպոների գործարկմամբ, փաստորեն, կոնցեսիոն պայմանագրով ռուսական ընկերությանը հանձնված հայկական երկաթուղու լոկոմոտիվներն ու վագոնները վերանորոգելու համար դրանք այլեւս Վրաստան չեն ուղարկվի: Վլադիմիր Յակունինը Մոսկվայից հատուկ այս արարողությանը մասնակցելու համար եկել էր Հայասատան:

Հայկական երկաթուղին ռուսական ընկերությանը կոնցեսիոն կառավարման հանձնվեց 5 տարի առաջ, եւ այսօր պայմանագրային պարտավորությունների ամփոփումն էր նաեւ: Վլադիմիր Յակունինի ռուսերեն ելույթից հետո վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ գերադասեց խոսել ռուսերենով եւ նույնիսկ Հայսատանի առաջին Հանրապետության տոնի առթիվ շնորհավորանքը ռուսերեն հնչեց:

«Ես նույնպես ուզում են նախ եւ առաջ ձեզ շնորհավորել մեր ազգային տոնի առթիվ: Այս տոնը մեզ համար կարեւոր է նրանով, որ մենք հետադարձ հայացքով նայում ենք մեր պատմության այն տարիներին, երբ մենք պետականություն չունեինք, եւ այս տոնը կարեւոր շրջադարձերից է մեր պատության համար, քանի որ մենք վերականգնեցինք պետականությունը` որպես ազգի ինքնակազմակերպման ամենաարդյունավետ բանաձեւ, եւ հենց այս օրը սկիզբ դրվեց Հայաստանի պետականության նոր պատմությանը», - ասաց Հայաստանի վարչապետը:

Վարչապետը կոնցեսիոն պայմանագրով երկաթուղին ռուսական կողմին հանձնելն արդարացրեց:

«Ամբողջ աշխարհն է պայքարում, որ իր երկիր ներդրումներ բերի, եւ հիմա կոնցեսիոն պայմանագրի շնորհիվ մենք ունենք բազմամիլիարդանոց ներդրում մեր տնտեսության մեջ», - ասաց նա:

«Հարավկովկայան երկաթուղի» ընկերությունը 2012-ին 6 միլիարդ դրամի ներդրում է արել: Յակունինը հպարտությամբ նշեց, որ ընկերությունում աշխատավարձերը Հայաստանում վճարվող աշխատավարձերից մոտ 43 տոկոսով բարձր են: Այնինչ հենց դեպոյի աշխատակիցները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասացին, որ դժգոհ են աշխատավարձերից, քանի որ իրենց ծանր աշխատանքը բավարար չի վարձատրվում:

«Սաղն էլ դժգոհ են, որովհետեւ քիչ է, ապրուստը թանկ է, ստեղ լավ կվարձատրեն, բայց դե էլի քիչ է», - ասաց դեպոյի աշխատակիցներից մեկը` հավելելով, որ իրենք միջինը 120 հազար դրամ են ստանում:

Հարց հնչեց նաեւ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման մասին: Վարչապետ Սարգսյանն ասաց` ռուսական կողմը իրենց խնդրանքով ուսումնասիրություն է կատարել, թե որքանով է տնտեսապես այն շահավետ: Սարգսյանն ասաց, թե իրենց ներկայացվել է մի քանի տարբերակ` այս նախագծի իրականացման համար: Իսկ Վլադիմիր Յակունինը խոսեց աբխազական երկաթուղու գործարկման մասին:

«Մեզ շատ է հետաքրքրում վրացական իշխանությունների դիրքորոշումը Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկաթուղային հաղորդակցության վերականգնման հետ կապված` Աբխազիայով դեպի Հայաստան նաեւ, որը նոր հնարավորություններ կստեղծի: Կարող եմ ասել մեր` երկաթուղայիններիս տեսակետը` մենք ելնում ենք այն հանգամանքից, որ եթե կայացվի քաղաքական որոշում, որ ճանապարհը պիտի կառուցվի, ապա միաժամանակ պետք է քաղաքական որոշում ընդունվի ֆինանսավորման աղբյուրներ գտնելու համար», - ասաց Յակունինը:
XS
SM
MD
LG