Մատչելիության հղումներ

Նախագահի նստավայրում հանձնվեցին պետական պարգեւները


Սերժ Սարգսյանը Վարդուհի Վարդերեսյանին է հանձնում Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը:
Սերժ Սարգսյանը Վարդուհի Վարդերեսյանին է հանձնում Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանը:
Հանրապետության օրվա կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով շքանշաններ, մեդալներ ու կոչումներ շնորհվեցին կրթության, գիտության, մշակույթի եւ այլ ասպարեզների շուրջ 3 տասնյակ ներկայացուցիչների:

Նախագահական նստավայրում պարգեւատրման արարողությանը առաջինը հնչեց Երեւանի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի անունը. նա արժանացել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանի:

Պարգեւների եւ կոչումների արժանացան անվանի գիտնականներ, բժիշկներ, զինվորականներ, դասախոսներ, դերասաններ, երաժիշտներ, գեղանկարիչներ, այդ թվում` օպերային երգչուհի Անահիտ Մխիթարյանը, գեղանկարիչ Անատոլի Գրիգորյանը, Երեւանի Ստանիսլավսկու անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը, Սուրդուկյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Գասպարյանը եւ այլք:

«Մենք բոլորս մեծ հաշվով ունենք մեկ ընդհանուր նպատակ, որի անունն է Հայաստանի Հանրապետության առաջընթաց: Այսօր պարգեւատրվածները իմ ընկալմամբ այն մարդկանցից են, ովքեր իրենց աշխատանքով ընդհանուր նպատակի, այսինքն հայոց առաջընթացի մաս են կազմում», - ընդգծեց Սերժ Սարգսյանը` վստահություն հայտնելով, որ տասնամյակներ անց էլ սերունդները գնահատելու են նրանց աշխատանքը:

Մայիսի 28-ի քաղաքական քայլով հայրենաբնակ հայը, նախագահի խոսքով, մեծ ընդմիջումից հետո հռչակվում էր հայկական պետության քաղաքացի, եւ նա պետք է լիներ որակապես նոր մարդ, դրսևորեր նոր հասարակական վարքագիծ: Տոնի առիթով Սերժ Սարգսյանը մաղթել է, որ մենք բոլորս հպարտությամբ կրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը եւ իսկապես դրսևորենք ազատ ու անկախ պետության քաղաքացուն վայել վարք:

«Տոնի խորհուրդը շատ է մեծ երկու բառ ասելու համար: Ես շնորհավորում եմ բոլորին, իմ հայրենակիցներին`լինի Հայաստանում, լինի արտասահմանում, բոլորին շնորհավորում եմ, մաղթում եմ նորանոր հաջողություններ: Ես շնորհակալամ եմ, որ ստացա երկրի ամենամեծ պարգեւը` Մեսրոպ Մաշտոց շքանշանը, որը ես ուրախությամբ եւ հպարտությամբ պիտի կրեմ իմ կրծքի վրա», - հանդիսավոր արարողությունից հետո լրագրողներին ասաց Վարդուհի Վարդերեսյանը:

«Սա սկիզբ է, նախասկիզբ է, որպեսզի ստեղծենք մի այնպիսի Հայաստան, որտեղ բոլոր հայերն իրենց տանը զգան, եւ ոչ ոք չուզենա այս երկրից գնալ», - հույս հայտնեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրված բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG