Մատչելիության հղումներ

Նախկին ազատամարտիկները շարունակում են պայքարը


Հանրապետության տոնի կապակցությամբ այսօր Ազատության հրապարակում կրկին հավաքվել էին Ղարաբաղյան պատերազմում վիրավորված ազատամարտիկները ու կրկին բարձրաձայնում էին իրենց պահանջները:

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ առաջին կարգի հաշմանդամ դարձած ազատամարտիկի թոշակը ընդամենը 79 հազար դրամ է. - «Մենք դուրս ենք եկել պայքարի մեր արժանապատվության համար: Եթե չեն բարձրացնում 100 տոկոսով, մենք մեր պայքաը շարունակելու ենք»:

Հիշեցնենք, այս ամիս ավելի վաղ կենսաթոշակի բարձրացման պահանջով Ազատության հրապարակում Ավետիսյանի սկսած նստացույցին միացել էին տասնյակ այլ նախկին ազատամարտիկներ:

Ղարաբաղյան պատերազմի շուրջ 3 հազար վետերաններ նամակ էին ուղղել Կառավարություն, որտեղից այդ վերահասցեագրվել էր Ֆինանսների նախարարություն:

«Դեռ կոնկրետ պատասխան չկա», - այսօր ասաց Ավետիսյանը: - «Ինչ-որ տոկոսի գումար են ավելացրել կամ չեն ավելացրել: Առայժմ այդքանը գիտեմ»:

«Թոշակը ստանում ենք, տալիս ենք կոմունալին: Իսկ հիմիկվա թանկություններով արդեն պարտքերի տակ պիտի մնանք», - ասաց ցուցարարներից մեկը:

Հարցին, թե հույս ունեն, որ իրենց բողոքը տեղ կհասնի ու պահանջը գոնե ինչ-որ չափով կբավարարվի, նախկին ազատամարտիկը պատասխանեց. - «Չէ: Չեմ հավատում այս Կառավարությանը: Բա իրենք ի՞նչ ուտեն, եթե մեր պահանջը բավարարեն»:

Ազատամարտիկներին այսօր սատարելու էին եկել նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը եւ «Ժառանգություն» կուսակցության ղեկավար անդամ Անահիտ Բախշյանը:

«Բոլորովին տոն չէ մեր հոգիներում», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Բախշյանը: - «Ամեն ինչը տվել են` ազատությունը տվել են, առողջությունը տվել են, իրենց ընկերներին տվել են… ու այսօր եկել են ու ասում են` մենք մեր տոնը այս ձեւով ենք տոնում: Շատ տխուր է»:
XS
SM
MD
LG