Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Հանրապետության տոնը


Նման տոներ հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում շատ քիչ է ունեցել, ընդգծում է հրապարակախոսը:

Հայաստանը այսօր նշում է Հանրապետության տոնը:

95 տարի առաջ այս օրը տեղի ունեցած բախտորոշ ճակատամարտերը` Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում, հիմք դրեցին հայոց նոր պետականության ստեղծման: Այդ հերոսամարտերի արդյունքում հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական զորքերի ներխուժումը Անդրկովկաս եւ փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից:

1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում Անդրկովկասյան Ժողովրդավարական Դաշնային Հանրապետության փլուզումից հետո Հայկական ազգային խորհրդի կողմից հռչակվեց Հայկական կամ Հայաստանի Հանրապետությունը: Անկախ Հայաստանի առաջին վարչապետ դարձավ Հովհաննես Քաջազնունին:

Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, Ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու երկրի ղեկավարներին ստեղծել կայուն պետություն:

Գոյության կարճ ժամանակահատվածում Առաջին Հանրապետությունում ազգային դրամ ստեղծվեց, ընդունվեցին օրհներգ եւ զինանշան, ստեղծվեց Երեւանի համալսարանը, կայացան Առաջին Հանրապետության միակ խորհրդարանական ընտրությունները, տեղի ունեցան Հայ - վրացական եւ Հայ - թուրքական պատերազմները: Իսկ 1920 թվականի հոկտեմբերին խորհրդային Ռուսաստանի ղեկավարությունը Հայաստանը խորհրդայնացնելու մասին որոշում ընդունեց: Արդեն 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրվեց համաձայնագիր, որով Հայաստանը հռչակվում էր խորհրդային սոցիալիստական հանրապետություն:

Մայիսի 28-ը որպես տոն սկսեց նշվել միայն Հայաստանի անկախացումից հետո:

Հրապարակախոս, Ազգային ժողովի ՀՅ Դաշնակցություն խմբակցության նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքերով` նման տոներ հայ ժողովուրդը իր պատմության ընթացքում շատ քիչ է ունեցել: Նա ընդգծեց, որ այսօր մայիսի 28-ը միայն որպես տոն են նշում, մինչդեռ պետական այրերը չեն գիտակցում դրա խորհուրդը եւ դասեր չեն քաղում:

«Ցավոք սրտի, մենք ազգովի պատմությունից դաս քաղելու ունակությամբ կարծես թե չենք փայլում», - ասաց հրապարակախոսը` շարունակելով. - «Ես պիտի անմիջապես զուգահեռներ բերեմ մեր օրերը, երբ մենք 91 թվականին վերանվաճեցինք մեր անկախությունը եւ 22 տարի անկախ պետականություն ենք կերտում: Ցավոք սրտի, այս 22 տարիները, իհարկե` համեստ ձեռքբերումների կողքին, բայց նաեւ բացառիկ ձախողումների հետագիծ է մեր թիկունքում»:

«Ես կարծում եմ` եթե այն պետական այրերը, ովքեր այս 22 տարիներին մեր պետականության ղեկին էին, ունենային պետության բացառիկության գիտակցումը, ունենային նրա արժեւորումը, թերեւս, ավելի բարձր քաղաքական պատասխանատվությամբ կվերաբերվեին թե՛ մեր պատմությանը, թե՛ մեր այսօրվան, եւ ամենակարեւորը` մեր ուր գնալուն», - հայտարարեց Լիլիթ Գալստյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG