Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան պատերազմի ընթացքում վիրավորված ազատամարտիկները վաղը կրկին կհավաքվեն Ազատության հրապարակում` որոշելու, թե ինչ մեթոդներով շարունակեն պայքարը, քանի որ նրանք այդպես էլ չեն ստացել կառավարությանն ուղղված իրենց նամակի պատասխանը, որով պահանջում էին բարձրացնել իրենց կենսաթոշակները:

Կառավարությունից նրանց տեղեկացրել էին, որ նամակը վերահասցեագրվել է ֆինանսների նախարարություն, որտեղից իրենց կպատասխանեն մինչեւ մայիսի 23-ը: Փաստորեն չորս օր է անցել, իսկ պատասխան դեռ չկա:

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները պահանջում են բարձրացնել կենսաթոշակները եւ հասցնել միջինում 100-200 դրամի, քանի որ այսօր ստացած մոտ 70 հազար դրամով չեն կարողանում լուծել իրենց տարրական կենցաղային խնդիրները:

Երկու երեխաների հայր Արամայիս Չովիշյանն ասում է, որ իր ընտանիքի անդամներից որեւէ մեկը աշխատանք չունի, ապրում են դրսից ուղարկված դրամական օգնության հաշվին:

«Մի կերպ ապրում ենք, բացարձակ ոչ մի աշխատանքի հնարավորություն չունենք, եղբայրներս են Ռուսաստանից փող ուղարկում, մինչեւ տեսնենք, երեւի ես էլ արտագաղթեմ, թողնեմ, գնամ», - ասում է Չովիշյանը:

Ղարաբաղյան պատերազմի վետերանը նաեւ նշում է, որ կենցաղային հարցերին գումարվում են պատերազմի ընթացքում առաջացած բազմաթիվ առողջական խնդիրները, որոնք նույնպես լուրջ ֆինանսական ծախսեր են պահանջում:

«Գլխի ցավեր ունեմ, կանտուզիա եմ տարել, ականջներիս թաղանթներն են պայթած: Հիմա սաղ թղթաբանությունը արված է, որ պիտի կամիսիա անցնեն, կամիսիան մերժում է», - պատմեց Չովիշյանը:

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները սկսեցին բարձրաձայնել իրենց խնդիրների մասին այս ամսվա սկզբին, երբ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը Երեւանի Ազատության հրապարակում նստացույց սկսեց` պահանջելով պետությունից ուշադրություն դարձնել ղարաբաղյան պատերազմի մասնակիցների կենսաթոշակների հարցին: Նստացույցին Ազատության հրապարակում միացան տասնյակ դժգոհ ազատամարտիկներ: Նրանք նշում էին, որ սոցիալապես շատ վատ վիճակում են հայտնվել շուրջ 3000 վետերաններ` իրենց ընտանիքներով:

Ղարաբաղյան պատերազմի մասնակիցները հայտարարում են, որ շարունակելու են տարբեր մեթոդներով պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ չեն բավարարվել իրենց պահանջները:
XS
SM
MD
LG