Մատչելիության հղումներ

Արեւմուտքի իրավապաշտպանները քննադատում են Ադրբեջանին


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուզնիեքս

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուզնիեքս

Human Rights Watch-ը եւ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը Իլհամ Ալիեւին կոչ են անում հարգել մարդու իրավունքները։

Հաշիշը… քաղաքացուն ձերբակալելու փորձված միջոց

Արդիական Ադրբեջանում ոստիկանները լայնորեն կիրառում են սովետական ժամանակաշրջանի մեթոդը։ Եթե հարկ է մարդ ձերբակալել, ապա նրա գրպանում, պայուսակում, ավտոմեքենայում անպայման կհայտնաբերվի մի քանի գրամ հաշիշ։ Եվ որքան շատ է խմբաքանակն, այնքան ավելի լուրջ պատիժ է նախատեսում է Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը։

Այս քստմնելի, բայց անվրեպ հնարքը որպես կանոն գործադրել է նախկին խորհրդային միլիցիան, հիմա էլ` ոստիկանությունը։ Թաղի խուժանի գրպանը «պլան» նետելով` բաժանմունքում նրանից ցուցմունքներ են կորզել։

Բայց հիմա այդ մեթոդն Ադրբեջանում օգտագործում են նաեւ քաղաքական ակտիվիստներին լռեցնելու համար։

«Հյուման Րայթս Ուոթչ» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը այսօր հրապարակել է հայտարարություն, որով դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին այդ գործելակերպի համար։

Փաստաթղթում ասվում է, որ կառավարության աշխատանքը քննադատող չորս ակտիվիստներ` Ռաշադ Ռամազանովը, Թալեհ Բաղիրովը, Դաշգին Մալիկովը եւ Մահամադ Ազիզովը ձերբակալվել են այս տարի` տարբեր օրերի։ Յուրաքանչյուր դեպքում ոստիկանները բաժանմունքներում կազմել են արձանագրություններ, որոնց համաձայն ձերբակալվածների մոտ փոքր քանակությամբ հաշիշ է հայտնաբերվել։

Ձերբակալվածների փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալները թմանյութ չեն օգտագործում։

«Հյուման Րայթս Ուոթչ» իրավապաշտպան կազմակերպության հայտարարությունում ասվում է, որ Ադրբեջանում անցած երկու տարվա ընթացքում հաշիշ պահելու մեղադրանքով ձերբակալվել են տասնյակ ակտիվիստներ, լրագրողներ, իրավապաշտպաններ, բլոգերներ, ովքեր համարձակվել են քննադատել կառավարության եւ նախագահ Իլհամ Ալիեւի վարչակարգի գործունեությունը։

Ռեժիմին տհաճություն պատճառող մարդկանց գրպանը մի քանի գրամ հաշիշ նետելուց բացի, իշխանությունները որոշ դեպքերում առաջադրում են նաեւ զենք պահելու, խուլիգանական արարք կատարելու կամ հասարակական կարգը խախտելու մեղադրանքներ։

«Հյուման Րայթս Ուոթչ»-ը նշում է, որ այս տարվա հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ Ադրբեջանում առավել հաճախ են կիրառվում նման եղանակով ընդդիմադիրներին լռեցնելու մեթոդները։


Եվրոպայի խորհուրդը ահազանգում է

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուզնիեքսն ավարտելով Ադրբեջան կատարած եռօրյա այցն, ասել է, որ այդ երկրի իշխանությունները պարտավոր են ապահովել մարդկանց ազատ խոսքի եւ խաղաղ հավաքների իրավունքը եւ անհապաղ ազատ արձակել կարծիք հայտնելու համար բանտեր նետված քաղաքացիներին։

Մուզնիեքսը նաեւ կոչ է արել նախագահ Իլհամ Ալիեւն չվավերացնել խորհրդարանի ընդունած լրամշակումները, որոնք իշխանություններին կընձեռեն համացանցում ընդդիմադիր կարծիքներ հայտնած մարդկանց դատական կարգով հետապնդելու հնարավորություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG