Մատչելիության հղումներ

Անդրիաս Ղուկասյանը կուսակցություն կստեղծի հեղափոխությունից հետո


Նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը վստահ է, ներկայումս այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ հեղափոխությունն ուղղակի անխուսափելի է: Նրա կարծիքով, ԱԺ-ում տեղի ունեցած վերջին զարգացումները ապացուցեցին, որ երկրում քաղաքական գործընթացներով ոչինչ չի փոխվի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Անդրիաս Ղուկասյանը պատմեց, որ ամեն օր շփվում է տարբեր մարդկանց հետ եւ համոզվել է, որ հանրությունը պատրաստ է հեղափոխության: Իսկ հեղափոխությունից հետո, ըստ նրա, նոր քաղաքական ուժերի անհրաժեշտություն կլինի, եւ այդ ուժերից մեկը կլինի իր ու մի քանի այլ գործիչների նախաձեռնությամբ ստեղծվելիք կուսակցությունը:

Ղուկասյանը չբարձրաձայնեց իր ապագա կուսակիցների անունները` ասելով, թե դա դեռ ապագայի ծրագիր է, իսկ առաջնային խնդիրը քաղաքացիական ճակատի ձեւավորումն է:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով, Հայաստանում այժմ միակուսակցական համակարգ է, իշխանությունը կենտրոնացած է ՀՀԿ-ի ձեռքում, իսկ մյուս կուսակցությունները ընդամենը լեգիտիմացնում են այդ իշխանությունը: Նոր ստեղծվող, ինչպես Ղուկասյանն ասաց` սոցիալ դեմոկրատական կուսակցությունը կգրանցվի հեղափոխությունից հետո: Դա, նրա կարծիքով, կլինի սեպտեմբերին: Կուսակցությունը հիմնված կլինի մի գաղափարախոսության վրա, որի հիմնական նպատակը կլինի Հայաստանի հարստության՝ մասնավորապես ընդերքի պահպանությունը, մարդկանց արժանապատիվ աշխատանքով եւ կյանքով ապահովվելը:

Անդրիաս Ղուկասյանի խոսքով, նոր կուսակցությունը մեկ կամ մի քանի մարդկանց շուրջ չի ստեղծվի, այն կլինի բացառապես գաղափարական, իսկ այդ գաղափարի շուրջ համախմբված մարդիկ կընտրեն կուսակցության ղեկավարներին: Կմասնակցեն նաեւ ընտրությունների, բայց միայն այն ժամանակ, երբ որեւէ ընտրակաշառք բաժանող կուսակցություն չգործի քաղաքական դաշտում:

Ղուկասյանը, ի դեպ, մի շարք բիզնեսներ ունի, որոնց թվում էր նաեւ Սեւանում գտնվող «Ֆլամինգո» լողափը, որը 2011 թվականին Կառավարության որոշմամբ դարձավ հանրային լողափ: Ղուկասյանը դատարանի միջոցով փորձեց պետությունից փոխհատուցում ստանալ, բայց դա նրան չհաջողվեց:

Իսկ հիմա քաղաքապետարանը պահանջում է, որ Ղուկասյանին պատկանող ռադիոկայանն ազատի «Երեւաննախագիծ» ինստիտուտի շենքում գտնվող գրասենյակը: Այս դեպքերը Ղուկասյանը կապում է ոչ թե իր քաղաքական գործունեության, այլ երկրում կոռուպցիայի առկայության հետ, որի դեմ էլ ինքը պայքարում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG