Մատչելիության հղումներ

Հայաստանի եւ Չեխիայի ազգային գրադարանները կհամագործակցեն


Չեխիայի եւ Հայաստանի ազգային գրադարանների տնօրեններ Թոմաշ Բոմը (ձ) եւ Տիգրան Զարգարյանը

Չեխիայի եւ Հայաստանի ազգային գրադարանների տնօրեններ Թոմաշ Բոմը (ձ) եւ Տիգրան Զարգարյանը

Այսօր` Գրադարանների միջազգային օրը, Երեւանում Հայաստանի եւ Չեխիայի ազգային գրադարանների տնօրենները ստորագրեցին համագործակցության մասին պայմանագիր:

Չեխիայի մշակույթի նախարար Ալենա Հանակովայի գլխավորած պատվիրակությանն այսօր ընդունեց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Այդ ընդունելության ընթացքում Չեխիայի ազգային գրադարանի տնօրեն Թոմաշ Բոմը եւ Հայաստանի ազգային տնօրեն Տիգրան Զարգարյանը ստորագրեցին 2013-2015 թթ. համագործակցության պայմանագիրը:

Հասմիկ Պոսոսյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին տարիներին աշխուժացել են մշակութային կապերը Հայաստանի եւ Չեխիայի միջեւ:

Ալենա Հանակովան ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ ուրախ է, որ այդ այցի ընթացքում նման պայմանագիր է ստորագրվում: Նա նշեց, որ Չեխիայի ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի բազմաթիվ երկրների գրադարանների հետ:

Առաջիկա համագործակցության շրջանակներում իրականացվելու են «Հայ գիրքը Չեխիայում» եւ «Չեխական գիրքը Հայաստանում» մատենագիտական ցանկերի պատրաստումը` ներառյալ հայ եւ չեխ հեղինակների, Հայաստանի ու Չեխիայի պատմական տարածքների վերաբերյալ թարգմանական հրատակարություններ:

Կկազմակերպվեն համատեղ ցուցահանդեսներ, կիրականացվեն գրքերի թվային պատճենների փոխանակումներ, աշխատակիցների փոխայցեր, փորձի փոխանակում:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ հայերեն գրքեր կան Չեխիայի ազգային գրադարանում Թոմաշ Բոմը պատասխանեց, թե այդպիսի տվյալներ չունի: Սակայն հավելեց, որ հսկայական գրապահոց ունեն «սովետական» գրիֆի տակ, որտեղ, անկասկած, կան հայ հեղինակների գործեր: Նրա խոսքով, հայ հեղինակների գրքեր կարող են լինել նաեւ «օսմանյան» գրիֆի տակ:
XS
SM
MD
LG