Մատչելիության հղումներ

logo-print

ՌԴ հյուպատոս. Հայտերի ընդունումը հավանաբար կվերսկսվի աշնանը


Գյումրիում ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմար

Գյումրիում ՌԴ հյուպատոս Վասիլի Կորչմար

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայությունը դադարեցրել է «Հայրենակիցներ» եւ «Աշխատանքային միգրացիա» ծրագրերով հայտերի ընդունումը, այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Գյումրիում Ռուսաստանի Դաշնության հյուպատոս Վասիլի Կորչմարը:

«Բայց հենց շրջանային ծրագրերը հաստատվեն մարզերում, հայտերը կշարունակվեն ընդունվել», -ասաց հյուպատոսը:

Հայաստանում, արտագաղթի աճով պայմանավորված, Միգրացիոն ծառայության գործունեությունը միշտ քննադատում են, նույնիսկ կառավարության ղեկավարն ասել էր, որ ծառայության գործունեությունը ցանկալի չէ:

Միեւնույն ժամանակ «Հայրենակիցներ» ծրագիրը այս տարվանից դարձել է անժամկետ եւ ենթարկվել մի շարք փոփոխությունների: Բնակեցման ծրագիրն ընդլայնվել է, 23-ի փոխարեն այն 45 մարզ է ընդգրկելու, ավելացել է ընտանիքի այն անդամների ցանկը, ովքեր կարող են օգտվել ծրագրից: Ավելացվելու է նաեւ ընտանիքին տրամադրվող դրամական փոխհատուցման գումարի չափը, որը կախված կլինի մարզից: Առաջնահերթություն կտրվի այն մարզերին, որոնք քիչ են բնակեցված: Ծրագիրը այժմ նաեւ հնարավորություն է տալիս ուսման հարց լուծել, նաեւ բիզնեսով զբաղվել:

Հյուպատոսն ընդգծեց, որ «Հայրենակիցներ» ծրագրով Ռուսաստանի Դաշնություն մեկնողները շատ քիչ են, մոտ 2000 մարդ է մեկնել: Նրա խոսքով` հիմնականում աշխատանքային միգրանտների մեծ հոսք կա: Կորչմարը նշեց, որ տարեկան Ռուսաստանից Հայաստան մոտ 2 միլիարդ դոլար են ուղարկում աշխատանքային միգրանտները: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում ՌԴ միգրացիոն ծառայությունը հայտեր չի ընդունում, աշխատանքային միգրանտները ամեն դեպքում կարող են այդ թույլտվությունը ստանալ Ռուսաստանում` դիմելով Միգրացիոն դաշնային ծառայություն` չսպասելով, թե Հայաստանում երբ կվերսկսվի հայտերի ընդունումը:

Այս պահին հայտնի չէ, թե արդյոք Միգրացիոն ծառայությունը կշարունակի իր գործունեությունը Հայաստանում, թե` ոչ, քանի որ վերջինիս գործունեության պայմանագրային ժամկետը ապրիլի 1-ին ավարտվել է: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք դրանո՞վ է պայմանավորված ծառայության գործունեության դադարեցումը, թե՞ այլ հանգամանք կա, Կորչմարը պատասխանեց. - «Դա հավանաբար պայմանավորված է նրանով, որ այդ հարցը դեռ շատ սուր է դրված այստեղ` Հայաստանում, եւ շատ մեծ աղմուկ է բարձրանում Միգրացիոն դաշնային ծառայության հավատարմագրման շուրջ: Ես կարծում եմ` այդ հարցը կլուծվի»:

Հարցին` կշարունակի՞ իր գործունեությունը Միգրացիոն ծառայությունը, թե՞ ոչ, Կորչմարը պատասխանեց. - «Այն, որ նրանք դեռ աշխատում են, ես դա գիտեմ, ես ասում եմ, որ եթե նույնիսկ հավատարմագրումը չշարունակվի, այդ հարցերով ամեն դեպքում կզբաղվեն Երեւանում դեսպանատունը, Գյումրիում` հյուպատոսարանը: Բայց Միգրացիոն ծառայության ներկայության դեպքում փաստաթղթերը ձեւակերպվում են տեղում, առանց ձգձգումների: Դեսպանատունն ու հուպատոսարանը միայն հայտեր կընդունեն, հետո դրանք կուղարկեն Մոսկվա: Այնտեղից հատուկ խումբ կգա այստեղ, որը կզբաղվի փաստաթղթերի ձեւակերպմամբ: Այդպիսի փորձ ունենք եւ Վրաստանում, եւ այլ երկրներնում»:

Հյուպատոսը վստահեցրեց, որ անկախ քննադատությունից` Միգրացիոն ծառայության գործունեության դադարեցումից հետո եւ «Հայրենակիցներ» եւ «Աշխատանքային միգրացիա» ծրագրերը կշարունակվեն Հայաստանում: Ինչ վերաբերում է այն հարցին, թե ե՞րբ կվերսկսվի հայտերի ընդունումը, Կորչմարը հավանական համարեց աշունը, գուցե` ավելի շուտ:
XS
SM
MD
LG