Մատչելիության հղումներ

logo-print

Վրաստանն Անկախության տոնը նշեց առանց ռազմական շքերթի


Վրաստան - Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան (կենտրոնում) Անկախության օրվան նվիրված արարողության ժամանակ, Թբիլիսի, 26-ը մայիսի, 2013թ.

Վրաստան - Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան (կենտրոնում) Անկախության օրվան նվիրված արարողության ժամանակ, Թբիլիսի, 26-ը մայիսի, 2013թ.

Սա առաջին նման դեպքն էր 2004 թվականից ի վեր:

2004 թվականից ի վեր առաջին անգամ Վրաստանում մայիսի 26-ը` Անկախության օրը նշվեց առանց ավանդական ռազմական շքերթի: Փոխարենը, Թբիլիսիի ամենակենտրոնում գտնվող Ազատության եւ Վարդերի հրապարակներում անցկացվեց երկրի ուժային կառույցներին պատկանող ռազմական տեխնիկայի եւ սպառազինության ցուցահանդես:

Դեռ ապրիլին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին, անդրադառնալով մայիսի 26-ի տոնակատարություններին, հայտարարել էր. - «Մենք թերեւս զերծ մնանք ռազմական շքերթի անցկացումից, քանի որ, իմ կարծիքով, Վրաստանն այն պետությունը չէ, որն իր ռազմական ուժը ցույց տալու կարիքն ունի»:

Նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի թիմում կառավարության ղեկավարի այս որոշման գլխավոր դրդապատճառ համարեցին ներքաղաքական պայքարը:

«Վարչապետը պարզապես չի ցանկանում, որ ես` որպես Զինված ուժերի գերագույն գլխավոր հրմանատար, ընդունեմ այդ շքերթը: Խնդիր չկա, այդ շքերթը կարող եք դո՛ւք ընդունել` կառավարության անդամներով, պաշտպանության նախարարի հետ, բայց թույլ տվեք բանակին անցնել Թբիլիսիի կենտրոնով: Շքերթը կենսական նշանակություն ունի բանակի համար, սա այն բանակն է, որ փրկեց Վրաստանը 2008-ի օգոստոսին», - հայտարարում էր Սաակաշվիլին:

Երեկ արդեն Վրաստանի նախագահն իր ավագ որդու` 18-ամյա Էդուարդի հետ մեկնեց Աֆղանստան` ընդունելով այս երկրում ծառայող վրաց զինվորականների շքերթը:

Աֆղանստանում Սաակաշվիլին զերծ մնաց քաղաքական հայտարարություններից:

Փոխարենը, քաղաքական մի շարք հստակ հայտարարություններ էր պարունակում Բիձինա Իվանիշվիլիի տոնական ուղեձը: Վրաստանի վարչապետը մեկ անգամ եւս ստիպված եղավ անդրադառնալ մայիսի 17-ին Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցած բախումներին, երբ Վրաց ուղղափառ եկեղեցու մոտ 10 հազար հետեւորդներ, ճեղքելով ոստիկանական պատնեշը, ուժի կիրառմամբ խափանեցին հոմոֆոբիայի դեմ հանդես եկող սակավաթիվ վրաց ակտիվիստների ակցիան:

«Վրաստանն ընտրել է ազատության ուղին, իսկ դա նշանակում է, որ որեւէ մեկը չի կարող պատժվել մյուսներից տարբեր լինելու համար: Մենք հավատարիմ ենք մեր ավանդույթներին, սակայն նորերի կերտումը եւս մեր ավանդույթի անբաժան մասն է: Մենք մշտապես պետք է շատ քննադատական մոտեցում որդեգրենք հոմոբոֆիայի եւ այլատյացության հանդեպ, որոնք մեր հանրությանը շատ հաճախ հրամցվում են կեղծ ավանդապաշտության քողի ներքո», - հայտարարեց Իվանիշվիլին` հավելելով. - «Օրենքի առջեւ բոլորն են հավասար լինելու` ինչ ազգային, կրոնական պատկանելություն կամ սեռական կողմնորոշում էլ ունենան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG