Մատչելիության հղումներ

Հայաստանի պատվիրակությունը Բիշքեկում մասնակցեց ՀԱՊԿ-ի նիստերին


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության
Այսօր Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների Արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ-ի շրջանակներում արտաքին քաղաքականության համադրման սերտացման եւ այդ բնագավառում մեխանիզմների կատարելագործման հարցերը:

Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել արդի միջազգային հարցերի վերաբերյալ ՀԱՊԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների հայտարարության նախագիծը, որը, Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, անդրադառնում է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը. - «ՀԱՊԿ-ի անդամ երկրները վերահաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը՝ ընդգծում են ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքների արագ ավարտման կարեւորությունը` միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնադրույթների հիման վրա, որոնք, մասնավորապես, վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովուրդների ինքնորոշմանը»:

Այնուհետեւ Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մասնակցել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի եւ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, որի ժամանակ քննարկվել են կազմակերպության անդամ երկրների անվտանգության սպառնալիքներին հակազդելու մեխանիզմների կատարելագործման հարցերը:

Համատեղ նիստի մասնակիցները մասնակիցները ստորագրել են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի պատրաստման եւ խաղաղապահ առաքելությունների իրականացման մասին որոշումը, 2013 թվականի երկրորդ կեսին եւ 2014 թվականի առաջին կեսին արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերով ՀԱՊԿ-ի շրջանակներում խորհրդակցությունների ծրագիրը, համաձայնեցրել կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG