Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը ոչ դեպի ՆԱՏՕ է ձգտում, ոչ էլ ՀԱՊԿ... դեռ»


Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-սոցիալական բաժնի ղեկավար Ալի Հասանով, արխիվ

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի քաղաքական-սոցիալական բաժնի ղեկավար Ալի Հասանով, արխիվ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմի քաղաքական-սոցիալական բաժնի ղեկավար Ալի Հասանովը խոսել է երկրի արտաքին կողմնորոշումների մասին։

Բաքվում գումարված «Ադրբեջանի եվրոպական ուղի. նվաճումներ եւ կարողություններ» թեմայով միջազգային համաժողովի ընթացքում Հասանովը հետաքրքիր մեկնաբանություններ է արել արտաքին քաղաքականության մասին։

«Մեր անվտանգության մոդելը մենք տեսնում ենք Չմիավորման շարժման մեջ, հետեւաբար` մենք ոչ դեպի ՆԱՏՕ ենք ձգտում, ոչ էլ դեպի ՀԱՊԿ», - ասել է Հասանովը։

Նման դիրքորոշում Ադրբեջանի ղեկավարները բազմիցս են արտահայտել, ընդգծելով, որ եթե պաշտոնական Թբիլիսին ակնհայտորեն երազում է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին, իսկ Երեւանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, ապա Բաքուն չեզոք ճանապարհն է ընտրում եւ կարող է համագործակցել այդ երկու դաշինքներից յուրաքանչյուրի հետ։

Բայց այս անգամ Ալի Հասանովը մի ուշագրավ միտք է հավելել։ «Բնավ չի նշանակում, որ Ադրբեջանը չի կարող փոխել այդ դիրքորոշումը։ Փոփոխություն հնարավոր է ցանկացած պահի։ Որոշիչ գործոնը Ադրբեջանի ազգային շահն է լինելու», - հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան` շարունակելով. - «Եթե այն թելադրի, որ հարկ է միանալ ՆԱՏՕ-ին, ապա մենք կգնանք այդ ճանապարհով, եթե թելադրի ՀԱՊԿ-ի ընտրությունը, կգնանք դեպի ՀԱՊԿ»:

Հասանովի խոսքերով` Ադրբեջանի անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, քաղաքական եւ սոցիալական շահերի հիմքում ժողովրդի կարիքներն են։

Վերլուծաբանների խոսքերով` այդ ակնարկները գուցեեւ վկայում են պաշտոնական Մոսկվայի հետ Բաքվի հարաբերություններում վերջերս նկատվող տարաձայնությունների մասին։

Հասանովն այդ նույն հավաքում ասել է, որ անկախությունը վերականգնելուց հետո Ադրբեջանն անվերապահորեն ընտրել է զարգացման եվրոպական մոդելը։

Վերլուծաբանները հիշեցնում են նաեւ, որ դեռ 2007 թվականին Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը Պենտագոնում եւ Պետպարտամենտում ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցներում ասել է, որ Ադրբեջանը կցանկանար առավել սերտորեն համագործակցել ՆԱՏՕ-ի հետ եւ նույնիսկ դառնալ լիիրավ անդամ, ինչը բարենպաստ կազդեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա։

Միաժամանակ, Աբիեւն ԱՄՆ-ում ասել էր, որ Բաքուն չի կարող հրապարակավ խոսել այդ մասին, քանի որ դա կհանգեցնի Ռուսաստանի եւ Իրանի հետ հարաբերություննների վատթարացմանը։

Աբիեւի եւ ամերիկացի պաշտոնյաների այս խոսակցության մասին արձանագրությունը 2011 թվականին հրապարակել է Wikileaks կայքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG