Մատչելիության հղումներ

Եկեղեցին «տեսնում եւ բարձրաձայնում է երկրում առկա խնդիրները»


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյան
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյան
Հայաստանյայց առաքելական եկեղեցին տեսնում է երկրում առկա բազմաթիվ խնդիրները եւ ամենաբարձր մակարդակով բարձրացնում է դրանք իշխանությունների մոտ, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին` շաբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Վեհափառ հայրապետի մամուլի խոսնակ տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Եկեղեցին կազմված է եկեղեցականներից եւ աշխարհականներից: Ես` իբրեւ եկեղեցական, այդ ամենը տեսնում եմ, եւ իմ կողքին գտնվող բոլոր աշխարհականներն էլ այդ ամենը նկատում են: Եկեղեցին` իբրեւ կառույց, եւս այդ ամենին հետամուտ է: Սակայն եկեղեցին իբրեւ հաստատություն, իբրեւ կառույց այն ճանապարհը չի բռնում խնդիրների բարձրաձայնման եւ լուծման, որը որ մենք ենք ակնկալում` իբրեւ անհատներ», - ասաց տեր Վահրամը:

Տեր Վահրամի խոսքով` եկեղեցին շատ դեպքերում ավելի մեծ արդյունքներ է արձանագրում, երբ կարողանում է այլ ճանապարհներով, անհատական շփումներով, ոչ թե հրապարակային հայտարարություններ անելով խնդիրները կարգավորել կամ գոնե նպաստել դրանց լուծմանը:

«Եկեղեցին միշտ չէ, որ որդեգրում է հայտարարությունների ոճը, բայց քայլեր արվում են, անգամ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Մայր Աթող Սուրբ Էջմիածնի կողմից նախաձեռնվող ծրագրերի մեջ կան բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են մեր ժողովրդի դեմոգրաֆիկ խնդիրների լուծմանը», - ասաց նա` հավելելով, որ միեւնույն ժամանակ իրենց համար ընկալելի է քննադատությունը. - «Ես ինքս էլ հասկանում եմ, որ շատ դեպքերում եկեղեցին թերեւս այն ճանապարհով չի արձագանքում, որ դուք կուզենայիք լսել կամ ինչը ձեզ ավելի ընկալելի կլիներ»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք իրավիճակը փոխվո՞ւմ է այն բանից հետո, երբ իշխանությունների առջեւ եկեղեցին բարձրացնում է հասարակությանը հուզող տարաբնույթ խնդիրները, տեր Վահրամը արձագանքեց. - «Ես գտնում եմ, որ իրավիճակ փոխվում է: Անշուշտ բազում ու ծանր են խնդիրները, ուղղակի միայն ցանկությամբ չեն լուծվում այդ խնդիրները, բայց ես ամենում մեղավոր չեմ նկատում միայն իշխանություններին: Այդ ամենում մեղավոր է մեզանից յուրաքանչյուրը»:

Ասուլիսին խոսք գնաց նաեւ այն հայ [երբեմն բարձրաստիճան] եկեղեցականների մասին, ովքեր, այսպես ասած, չեն խորշում օգտվել աշխարհիկ բարիքներից, կանգնում են միայն իշխանավորների կողքին` հաճախ հայտնվելով հասարակության քննադատության թիրախում:

«Նման պարագաներ, այո, կան, երբ եկեղեցականները ձգտում են աշխարհական վայելքների, ճոխությունների, եւ եկեղեցին անշուշտ պետք է ձեռնամուխ լինի, որ նման գայթակղություններ հաճս հասարակության չլինեն: Մյուս կողմից հարցը ինձ չպետք է ուղղվի` իբրեւ Վեհափառ հայրապետի խոսնակ, այլ դուք շատ լավ ճանաչում եք բոլոր այդ անձերին եւ ինքներդ կարող եք ուղղել նրանց: Ես գիտեմ անձերի, ում նկատի ունեք, բայց երբեք որեւէ հոգեւորական իր ցանկությամբ չի գնում մասնակցելու ինչ-որ կուսակցության համագումարի, այլ միշտ կուսակցությունը հրավերը ուղղում է եկեղեցու ներկայացուցչին, որ օրհնության խոսք ասի համագումարում, եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը երբեք չի մերժել, այլ միշտ ընդառաջել է: Ձեզ հայտնի է միայն Հանրապետական կուսակցության համագումարը, այնինչ բազում այդպիսի համագումարներ են եղել, որոնց մասնակցել են եկեղեցաններ տարբեր տեղերում: Այս պարագայում, քանի որ Երեւանում Վեհափառ հայրապետի առաջնորդական փոխանորդը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն է, ապա նպատակահարմար է նկատվել, որ ինքը մասնակցի այդ համագումարին»:

Ասուլին ներկա էր նաեւ Զինված ուժերի հոգեւոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, ով իր խոսքում ներկայացրեց այն աշխատանքը, որ տանում են եկեղեցականները հայկական բանակում` զորամասերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ձեւավորելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG