Մատչելիության հղումներ

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) մայիսի 29-ին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում հանդես կգա համերգային ծրագրով։ Համերգին ներկա է լինելու Ուելսի արքայազն Չարլզը, ով մասնավոր այցով Հայաստանում կլինի մայիսի 28-30-ը` որպես «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր։ Համերգը տրվելու է ի նպաստ Երեւանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքի:

Նվագախմբի լրատվական ծառայությունը փոխանցում է, որ դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կանգնած է այս բարեգործական աշխատանքների ակունքներում։ Այս ծրագրի շրջանակներում Սմբատյանը ղեկավարել է Լոնդոնի Philharmonia Orchestra-ի երկու բարեգործական համերգները, որոնք կազմակերպվել են արքայազն Չարլզի կողմից։

Մայիսի 29-ի համերգին հաջորդելու է ընդունելություն եւ գալա ընթրիք` ի պատիվ «Երեւան, իմ սեր» ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երեւանի Կոնդ համայնքում` Սուրբ Հովհաննես եկեղեցու հարեւանությանբ վերակառուցել պատմական երեք շենք, որոնք Մոր եւ մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաեւ մսուր` առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար եւ համայնքային գործունեության կենտրոն:

«Երեւան, իմ սերը» «Ժառանգության օազիս» է ստեղծելու Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների եւ մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական եւ համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն:

«Երեւան, իմ սերը» նախատեսում է Երեւանում հիմնել նաեւ Ազգային զբոսայգի, որ կմիավորի աշխարհասփյուռ հայերին հայրենիքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG