Մատչելիության հղումներ

Փաստաբանները հունիսին երկու օրով գործադուլ կանեն


Հունիսի 10-ին եւ 11-ին մի քանի տասնյակ փաստաբաններ գործադուլ կանեն` բողոքելով Վճռաբեկ դատարանի գործելաոճի դեմ:

Շաբաթ օրը խոսելով Վճռաբեկ դատարանի կողմից բողոքները վարույթ ընդունել կամ չընդունելու մասին` փաստաբանները հայտարարեցին, որ մեկ տարվա ընթացքում Վճռաբեկ դատարանի գործելաոճի մեջ որեւէ բան չի փոխվել: Նրանց պնդմամբ` Վճռաբեկ դատարանում բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումները կամայականորեն են կայացվում:

Փաստաբանները նույն պատճառաբանությամբ գործադուլ հայտարարել էին նաեւ անցյալ տարի:

Փաստաբաններն ասում են, որ բազմաթիվ բողոքներ, որոնք ուղարկվում են Վճռաբեկ դատարան, ոչ միայն չեն ընդունվում, այլեւ դատարանը չի պատճառաբանում, թե ինչու տվյալ բողոքը վարույթ չընդունվեց:

Փաստաբանների խոսքով` երբ Վճռաբեկ դատարանը բողոքների մեծ մասը վարույթ չի ընդունում, այդպիսով զրկում է քաղաքացուն իր դեմ կայացված որոշումը գոնե մեկ անգամ բողոքարկելու հնարավորությունից: Մինչդեռ նույն բողոքով դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան` քաղաքացիները դատը շահում են:

Որոշ մասնագետներ նշում են, որ խնդիրն օրենսդրական բացն է, երբ տարիներ առաջ Վճռաբեկ դատարանին նոր լիազորություններ վերապահվեցին եւ սահմանվեցին բողոքները վարույթ ընդունելու նոր չափանիշներ: Սակայն ըստ փաստաբանների` օրենսդրական խնդիր չկա, քանի որ օրենքով, ինչպես նաեւ հետագայում Սահմանադրական դատարանի որոշմամբ` Վճռաբեկ դատարանը պարտավոր է պատճառաբանել իր որոշումները:

«Վճռաբեկ դատարանը պատճառաբանում է բողոքը մերժելու իր որոշումը: Այլ հարց է, որ պատճառաբանությունների ծավալը գուցե չի բավարարում մի քանի տասնյակ փաստաբանների», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դատական դեպարտամենտի լրատվության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: շ

Բացի այդ, Բաբայանի խոսքով, խնդիրն, այդուհանդերձ, օրենսդրական բացն է, որի պատճառով անցյալ տարվա գործադուլից հետո փաստաբանների հետ տեղի ունեցած քննարկման արդյունքում մշակվեց մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթ:

«[Օրենսդրական փաթեթը] արդարադատության նախարարության կողմից պատրաստվել, ուղարկվել է կառավարություն, կառավարությունը քննարկել է, արդեն Ազգային ժողովում է գտնվում: Մի քանի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին է: Այսինքն, փոխվում են Վճռաբեկ դատարանի վարույթ ընդունելու սահմանները, կանոնները, միաժամանակ` բողոքները ներկայացնելու կանոնները», - փոխանցեց Արսեն Բաբայանը:

Իսկ հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ Վճռաբեկ դատարանի վարույթ չընդունած բողոքները բավարարվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արսեն Բաբայանը արձագանքեց. - «Հայաստանի դատական իշխանությունը որոշումներն ընդունում է հայկական եւ միջազգային օրենսդրությանը համապատասխան: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաճախ համապատասխան օրենքը համեմատում է [Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական] Կոնվենցիայի հետ, եւ ընդդեմ Հայաստանի բավարարված գործերի հիմնական մասի դեպքում խոսքը գնում է օրենքների անհամապատասխանության մասին»:

Փաստաբան Հայկ Ալումյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիան վավերացվել է Հայաստանի կողմից, եւ որպես միջազգային պայմանագիր` մեր օրենսդրության բաղկացուցիչ մասն է, ընդ որում` ավելի բարձ ուժ ունի, քան ներպետական օրենքները:

«Եվրոպական դատարանն էլ է Կոնվենցիայի հիման վրա գործում, եւ մեր Վճռաբեկ դատարանն էլ է պարտավոր դրա հիման վրա գործել», - ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանները նշեցին, որ իրենց բողոքն ուղղված է թե օրենսդիր, թե գործադիր, թե դատական մարմիններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG