Մատչելիության հղումներ

«Տոնուս»-ը սեփականատերերին չի հանձնում վաճառած բնակարանները


Փափազյան 118/1 հասցեում «Տոնուս» ընկերությունը բազմաբնակարան շենք է կառուցել, որի շինարարությունը համարյա ավարտված է: Գնորդների հետ նախնական պայմանագիր է կնքել 2007-ին` պարտավորվելով բնակարանները հանձնել 2009-ի դեկտեմբերին, բայց մինչեւ օրս 37 բնակիչ բնակարաները դեռ չեն ստացել:

Պարզվում է, որ նրանց բնակարանները գրավ են դրված «Արցախ» բանկում:

Բոլոր 37 բնակիչները պայմանգրով նախատեսված ժամկետներում կատարել են բնակարանի վճարումները եւ պարտքեր չունեն: Մի մասը արդեն մուծել է բնակարանի ողջ գումարը, մյուսները չեն մուծել ընդհանուր գումարի փոքր մասը, որը, «Տոնուս»-ի հետ կնքված պայմանգրի համաձայն, պարտավոր են վճարել բնակարանը ստանալու ժամանակ:

Բնակիչների ու շինարարական ընկերության միջեւ կնքված նախնական պայմանգրի համաձայն, բնակարանը պետք է զերծ լինի որեւէ երրորդ կողմի իրավունքներից, չլինի գրավի կամ արգելանքի տակ: Բնակիչների կարծիքով, «Տոնուս»-ի եւ «Արցախ» բանկի միջեւ անօրինական գործարք է տեղի ունեցել:

«Արցախ» բանկը օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել` հայտնելով, որ ընկերությունը վարկ է վերցրել բանկից` գրավադրելով կառուցապատվող շենքը, եւ պայմանագիրը կնքելիս «Տոնուս»-ը հավաստիացրել է, որ շենքի նկատմամբ երրորդ անձանց պահանջներ չկան: «Նման իրավիճակում բանկը չէր կարող տեղյակ լինել դեռ չկառուցված բնակարանների առքուվաճառքի նախնական պայմանգրերի, դրանց հիմքով կատարված վճարումների ու դրանցից բխող իրավունքների մասին», - ասված էր հաղորդագրությունում:

Բնակիչները արդեն դիմել են ՀՀ նախագահին եւ վարչապետին: Այսօր եկել էին ՀՀ Ֆինանսների նախարարություն` նախարարից օգնություն խնդրելու: Ասացին, որ դատական համակարգի հանդեպ վստահություն չունեն, հետեւաբար գերադասում դեռեւս դատարան չդիմել:

Ֆինանսների նախարարի օգնականը բնակիչների ներկայացուցիչներին խոստացել է, որ անգամ եթե ընկերությունը սնանկ ճանաչվի, բնակարանները կտրվեն տերերին ամենուշը մեկ տարվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG