Մատչելիության հղումներ

«Ոսկե Ծիրան»-ին ներկայացվել է 1150 հայտ


Armenia -- The logo of “Golden Apricot” International Film Festival, undated.
Armenia -- The logo of “Golden Apricot” International Film Festival, undated.

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի համար այս տարին հոբելյանական է:

«Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը 2003 թվականին հիմնադրել են կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, կինոգետ Միքայել Ստամբոլցյանը եւ Սուսաննա Հարությունյանը:

Եթե առաջին փառատոնին մասնակցում էին 150 ֆիլմեր 20 երկրներից, ապա այս տարի, «Ոսկե Ծիրան»-ի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանի տեղեկացմամբ, ստացվել է շուրջ 1150 հայտ ավելի քան 94 երկրներից:

Լրագրողների հետ հանդիպմանը Միքայել Ստամբոլցյանն այսօր շեշտեց ժյուրիների դերը. - «Որովհետեւ, երբ մեկը ասում է, որ այսինչ փառատոնում մրցանակ է ստացել, առաջին հերթին հարցնում են` ո՞վ է դատել, ո՞վ է տվել այդ մրցանակը: Եվ ինչքան ավելի բարձր է դատավորների հեղինակությունը, այնքան բարձր է ստացված մրցանակի հեղինակությունը: Իշտվան Սաբոն միակ հունգարացի ռեժիսորն է, որը «Օսկար»-ի է արժանացել, «Գոլդեն Գլոբ»-ի նոմինանտ է եղել»:

Սաբոն այս տարի կգլխավորի միջազգային լիամետրաժ ֆիլմերի ժյուրին:

Այս տարի փառատոնը կհյուրընկալի նաեւ աշխարհահռչակ կինոգործիչների, այդ թվում Քշիշտոֆ Զանուսսիին, Գոդֆրի Ռեջիոյին:

Փառատոնի շրջանակում Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում կտեղադրվի նաեւ կինոյի աշխարհում մեծ վաստակ ու լայն հռչակ վայելող մեր հայրենակցի աստղը:

Հարություն Խաչատրյանը նշեց, որ Շառլ Ազնավուրը հոբելյանական «Ոսկե Ծիրան»-ի հանձնախմբի նախագահն է, եւ այս տարի նախապատրաստվել է Ազնավուրի մասնակցությամբ կինոնկարների հետահայաց ցուցադրություն:

Խաչատրյանի ձեւակերպմամբ` «Ոսկի Ծիրան»-ը դառնում է համաշխարհային կինոյի սյուների ակումբ, քանի որ այս տարի աշխարհահռչակ հյուրերի թիվը կհասնի մեկուկես տասնյակի:

Ասուլիսին ներկա էր Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա նշեց, որ փառատոնը նորանկախ Հայաստանի լավագույն ձեռքբերումներից մեկն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG