Մատչելիության հղումներ

Հայաստան կայցելի արքայազն Չարլզը


Ուելսի արքայազն Չարլզ
Ուելսի արքայազն Չարլզ
Ուելսի արքայազն Չարլզը մայիսի 28-30-ը մասնավոր այցելությամբ կլինի Հայաստանում` որպես «Երեւան, իմ սեր» բարեգործական հիմնադրամի հյուր:

Արքայազնը Արքայական ընտանիքի առաջին անդամն է, ով կայցելի Հայաստան, նշված է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանության հաղորդագրությունում:

Արքայազն Չարլզը կայցելի Հայաստանի կարեւորագույն պատմական հուշարձանները, Մատենադարան, ներկա կգտնվի գալա համերգին եւ ընթրիքին, որը տրվելու է ի նպաստ Երեւանի մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված բարեգործական աշխատանքին:

«Երեւան, իմ սեր» ծրագրի հիմնադիրը Արմեն Սարգսյանն է` Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետը եւ անկախ Հայաստանի առաջին դեսպանը Լոնդոնում:

Ուելսի արքայազնը եւ Արմեն Սարգսյանը հանդիպում են ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ իր նստավայրում:

Արքայազնը այցելելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

Ուելսի Արքայազնը ներկա է գտնվելու Երեւանի Օպերայի տանը կայանալիք համերգին, որին հաջորդելու է ընդունելություն եւ գալա ընթրիք ի պատիվ «Երեւան, իմ սեր» ծրագրի նվիրատուների: Բարեգործությունը նախատեսում է Երեւանի Կոնդ համայնքում` Սուրբ Հովհաննես եկեղեցու հարեւանությանբ վերակառուցել պատմական երեք շենք, որոնք Մոր եւ Մանկան ապաստան կլինեն անապահով ընտանիքների համար, նաեւ մսուր առողջական խնդիրներ ունեցող երեխաների համար եւ համայնքային գործունեության կենտրոն:

«Երեւան, իմ սեր»-ը «Ժառանգության օազիս» է ստեղծելու Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցու մոտակայքում, որտեղ ի նպաստ անապահով ընտանիքների եւ մասնավորապես երեխաների գործելու են արվեստի, արհեստի, համակարգչային դասարաններ, ուսումնական ծրագրեր, թատերական եւ համերգային դահլիճներ, ցուցասրահ, բացօթյա ամֆիթատրոն:

«Երեւան, իմ սեր»-ը նախատեսում է Երեւանում հիմնել նաեւ Ազգային զբոսայգի, որ կմիավորի աշխարհասփյուռ հայերին Հայրենիքի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG