Մատչելիության հղումներ

logo-print
Ռուսաստանի Դաշնության Միգրացիոն ծառայության «Հայրենակիցներ» ծրագիրը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը Հայաստանում: Այս մասին օրերս տեղեկատվություն էր տեղադրվել ծրագրի կայքէջում:

«Ազատություն» ռադիոկայանը կառավարության մոտ կանգնած իր աղբյուրների միջոցով պարզել է, որ ապրիլի 1-ին Դաշնային միգրացիոն ծառայության գրասենյակի գործունեության պայմանագրի ժամկետն է լրացել Հայաստանում, եւ կողմերի միջեւ հավելյալ պայմանագիր չի ստորագրվել:

Միգրացիոն ծառայության կայքէջում նույնպես նշված է, որ այն դիմումները, որ ընդունվել են այս տարվա հունվարից մինչեւ օրս (կայքում նշված է մինչեւ ապրիլի 15-ը), կքննարկվեն տարածաշրջանային ծրագրերի հաստատումից հետո:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում միգրացիոն ծառայության լրատվական բաժնի աշխատակիցը հայտնեց, որ ծրագիրը չի փակվում, անհրաժեշտ է, որ պայմանագիրը ստորագրվի, հաստատվի:

Մանուշյան 78 հասցեում տեղակայված Միգրացիոն ծառայության գրասենյակը, որը սովորաբար լեփ լեցուն է լինում, այսօր մարդաշատ չէր: Մեկ-երկու հոգի էին եկել ու հուսահատվել, որ իրենց դիմումները չեն ընդունվում, սակայն հուսահատ մարդկանց դռնապանը վստահեցնում էր, որ ամեն ինչ լավ է լինելու ու հորդորում սպասել մինչեւ սեպտեմբեր:

«Կայքը կբացվի, կտեսնենք այդ մարզերը, գրառում կլինի, որ այդ մասին, որ վերաբացվել ենք, ծրագիրը բրազիլական սերիալի նման շարունակվելու է առնվազն եւս 2-3 տարի», - հուսադրում էր նա:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը ի դեմս վարչապետ Տիգրան Սարգսյանի դեռ անցած տարեվերջին ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում քննադատել էր Ռուսաստանի կողմից իրականացվող «Հայրենակիցներ» ծրագիրը, նշանակո՞ւմ է արդյոք սա, որ Հայաստանը չի ցանկացել պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Միգրացիոն ծառայության աշխատակիցը պատասխանեց, որ խնդիրը Հայաստանի մեջ չէ, Ռուսաստանը բյուջե չի տրամադրել դեռ բոլոր ռեգիոններ, որպեսզի դրանք ցուցակ տան Միգրացիոն ծառայությանը` մարդկանց համապատասխանաբար այդ ռեգիոններ ուղարկելու համար:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից էլ, ի պատասխան հարցին, թե ինչո՞ւ է կասեցվել ծրագիրը, «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին, որ հայկական կողմը բազմիցս իր կարծիքը հայտնել է այս ծրագրի շուրջ, իսկ մնացածը «պատճառահետեւանքային կապեր են»:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` թեեւ գրասենյակն է դադարեցրել իր աշխատանքը, սակայն սա չի նշանակում, որ այս կառույցը կորցնում է իր դիվանագիտական կարգավիճակը Հայաստանում: Թեպետ նախնական տվյալների համաձայն` Հայաստանը չի պատրաստվում գրասենյակի գործունեության շարունակության հետ կապված պայմանգիրը ստորագրել, այնուամենայնիվ, այս կառույցը իր գործունեությունը կարող է իրականացնել առանց գրասենյակի` միայն կայքէջի միջոցով:

Հիշեցնենք, որ դեռեւս 2012 թվականի հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի ժամանակ նորից քննարկվել էր ծրագիրը Հայաստանում փակելու հարցը: Դեռ այն ժամանակ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասել էր, որ «Հայաստանի տարածքում գործողությունները որոշում է Հայաստանը, այնպես որ, քանի որ շատ հստակ արտահայտվել է Հայաստանի դիրքորոշումը, ապա բնական է, որ չի կարող այդ ծրագիրը իրականացվել»: Սակայն, ինչպես այսօր հասկանում ենք, այն ժամանակ Հայաստանը կնքված պայմանագիր ուներ Դաշնային միգրացիոն ծառայության գրասենյակի հետ, որն էլ թույլ էր տալիս գրասենյակին մինչեւ սույն թվականի ապրիլի 1-ը ՀՀ քաղաքացիներից դիմումներ ընդունել` ՌԴ մարզեր մեկնելու եւ աշխատելու համար:
XS
SM
MD
LG