Մատչելիության հղումներ

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի պնդմամբ, խորհրդարանում ոչ միայն «մտածողության հեղափոխություն» չի եղել, այլեւ իշխանական թեւում անհանդուրժողականությունը կարծրանում է:

«Իշխանությունը վերից վար պետք է պատրաստ լինի, որ բարեփոխման արդյունքում ինքը կարող է նաեւ զրկվել իշխանությունից: Այդ հեղափոխության ծիլերն անգամ մենք չտեսանք այս քառօրյայի ընթացքում: Ավելի վատ` ավելի է կարծրանում անհանդուրժողականությունը, ավելի է կարծրանում ամեն ինչ հաղթողի բանաձեւի գործադրումը: Եվ առանձին դեպքերում անգամ ընդհանուր իշխանության պատկերացումները ավելի շատ ցինիզմի են նման», - այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողներին ասաց Մինասյանը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը, հիշեցնենք, այս շաբաթ ավելի վաղ Կառավարության ծրագիրը ներկայացնելիս, խոստացել էր «մտածողության հեղափոխություն» իրականացնել, իսկ 3 օր անց արձանագրել էր, թե դա արդեն տեղի է ունեցել:

Հակադարձելով Գալուստ Սահակյանի հայտարարությանը, թե դժվար է ասել որտեղ կլիներ Դաշնակցությունը, եթե չլիներ նախագահ Սերժ Սարգսյանը` Մինասյանն ասաց. - «Ես կարծում եմ, ճիշտ է նկատում Գալուստ Գրիգորիչը: Եթե չլիներ այսօրվա իշխանությունը` նախագահի գլխավորությամբ, հավանաբար Դաշնակցությունը կլիներ իշխանության: Եվ եթե Գրիգորիչը փորձեց խոսքով բարձրացնել նախագահի դերակատարությունը, իրականում կտրուկ գցեց նախագահի դերն ու նշանակությունը, ավելի բացահայտեց իշխանության իրական կերպարը»:

Իր հերթին ընդդիմադիր ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն արձագանքեց Գալուստ Սահակյանի` երեկ բարձրաձայնած դիտարկմանը, թե ՀԱԿ-ը զրո է եւ որեւէ կշիռ քաղաքական կյանքում այլեւս չունի. - «Փաստորեն մի զրո կա Հայաստանում, որը հունից հանում է Հայաստանի վարչապետին, մեծամասնության խմբակցության ղեկավարին, մի զրո կա, որի մասին ամբողջ պետական, իշխանական պրոպագանդան օր ու գիշեր խոսում է, մի զրո կա, որը կարողանում է ժողովրդին ճշմարտությունը հասցնել, ու չգիտես ինչու այդ մարդիկ միայն խոսում են այդ զրոյի մասին: Շատ հզոր զրո է: Համաձայն եմ»:

«Ժառանգության» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, թե Գալուստ Սահակյանը պետք է ներողություն խնդրի Զարուհի Փոստանջյանից: ՀՀԿ-ի փոխնախագահը, հիշեցնենք, դիմելով Փոստանջյանին ասել էր` Ազգային ժողովը մայրուղի չէ:

«Եթե նույնիսկ մի կողմ դնենք նրա [Գալուստ Սահակյանի] տարիքը, նրա ունեցած կարգավիճակը խորհրդարանում, զուտ տղամարդկային առումով, դա տղամարդուն վայել պահվածք չէր: Եվ կարծում եմ, Գալուստ Սահակյանը պետք է քաջություն ունենա Զարուհի Փոստանջյանից ներողություն խնդրելու», - ասաց Հակոբյանը:

Սահակյանը, մինչդեռ, այսօր հայտարարեց, որ երբեք ներողություն չի խնդրում. - «Որովհետեւ ապրել եմ այնպես, որ առիթներ չտամ, որպեսզի ես ներողություն խնդրեմ»:
XS
SM
MD
LG