Մատչելիության հղումներ

Դամասկոսը «սկզբունքորեն» համաձայն է մասնակցել միջազգային համաժողովին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ողջունում է Մոսկվա ժամանած Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Մեքդադին, 22-ը մայիսի, 2013թ.

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ողջունում է Մոսկվա ժամանած Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Մեքդադին, 22-ը մայիսի, 2013թ.

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը այսօր հայտարարել է, որ Սիրիայի իշխանությունները «սկզբունքորեն» համաձայն են մասնակցել սիրիական ճգնաժամին նվիրված միջազգային համաժողովին, որը գերտերությունները նախատեսում են անցկացնել հունիսին Ժնեւում:

«Գոհունակությամբ նշում ենք, որ Դամասկոսից ստացվել են միջազգային համաժողովին մասնակցելու` Սիրիայի կառավարության սկզբունքային պատրաստակամության հաստատումներ», - Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` ասել է Լուկաշեւիչը, ընդգծելով, որ համաժողովի նպատակն է հենց սիրիացիների կողմից իրենց երկրի եւ տարածաշրջանի համար ավերիչ հակամարտության կարգավորման ուղիներ գտնելը:

Սիրիայի հարցով միջազգային համաժողով անցկացնելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրիի` մայիսի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ:

Մի շարք եվրոպական լրատվամիջոցներ որպես համաժողովի անցկացման օր նշել են հունիսի 10-ը, մինչդեռ Լուկաշեւիչը, France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, ասել է, թե ժամկետների մասին հաղորդումները «չեն կարող լուրջ ընկալվել», քանի դեռ հստակություն չկա սիրիացի ընդդիմադիրների շարքերում` «ով եւ ինչ իրավասությամբ պետք է խոսի ընդդիմության անունից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG