Մատչելիության հղումներ

Գազը եւ էլեկտրաէներգիան կթանկանան մինչեւ հուլիսի 10-ը


Գազաբաշխիչ կայան Հայաստանում

Գազաբաշխիչ կայան Հայաստանում

Քաղաքացիների համար մեկ խորանարդ մետր գազը ներկայիս կթանկանա 24, մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան` 8 դրամով:

Մինչեւ հուլիսի 10-ը կթանկանան գազը եւ էլեկտրաէներգիան: Ինչպես հինգշաբթի երեկոյան Ազգային ժողովում հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, քաղաքացիների համար մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի (մոտ 0.32 դոլար) փոխարեն կարժենա 156 դրամ: Գազի գնի բարձրացման պատճառով 8 դրամով կթանկանա նաեւ մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան:

Կառավարության վստահեցումներով` սոցիալապես անապահով խավերի համար լրացուցիչ փոխհատուցումներ կսահմանվեն:

«Հուլիսի 7-ից 10-ի արանքում, ֆիզիկապես որովհետեւ չենք հասցնի, որովհետեւ այդտեղ պրոցեդուրաներ կան` պետք է պահպանենք, հուլիսի 1-ին չենք հասցնում», - խորհրդարանում կայացած լսումների ժամանակ թանկացման ակնկալվող ժամկետի վերաբերյալ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:

Այս լսումների ընթացքում նա սենսացիոն բացահայտում արեց. պարզվեց` գազի սակագինը ռուսական կողմը դեռ ապրիլի 1-ից է բարձրացրել, սակայն կառավարությունը այդ փաստը հանրությանը չի ներկայացրել, Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ` թաքցրել է նախընտրական շրջանը հաղթահարելու համար:

«180 ԱՄՆ դոլարի փոխարեն սույն թվականի ապրիլի 1-ից գործում է 270 ԱՄՆ դոլար գինը [Ռուսաստանից գնվող հազար խորանարդ մետր գազի դիմաց]», - ասաց Նազարյանը:

«Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստանի ժողովրդից թաքցրել են իրականությունը, եւ հիմա, ըստ էության, ժողովուրդը ստիպված է լինելու վճարել, այսպես ասած, խորհրդարանական ընտրություններում, նախագահական ընտրություններում եւ քաղաքապետի ընտրություններում իր կատարած չակերտավոր ընտրության համար», - հայտարարեց Փաշինյանը` շարունակելով. - «Սա ուղղակի անթույլատրելի է, եւ իսկապես մեր իշխանության բնույթը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է մարդիկ ստրատեգիական նշանակության ինֆորմացիան թաքցնեն»:

Եվ պարզ չէ` մինչեւ նոր սակագնի հաստատումը ով է վճարել եւ դեռ վճարելու ավելի թանկ մատակարարվող գազի դիմաց:

«Կարող եք մեզ արհամարհել, ոչինչ չներկայացնել, բայց մեզ չեք կարող ֆռռացնել», - երեկվա քննարկումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին ասաց գազի նոր սակագնի իր տարբերակը հաշվարկած նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Բագրատյանը շարունակեց. - «Դուք մեզ ասում եք` գազի գինը հաստատել եմ 156 դրամ: Ոչ, բարեկամս, դու հաստատել ես 156` գումարած 37 դրամ, որ Կառավարությունը սուբսիդիա է տալիս: Գազի գինը իմ վրա նստում է 193 դրամ»:

Այստեղ Նազարյանը նրան ընդհատեց` հորդորելով հանգիստ խոսել: Բագրատյանը հորդորը հետ վերահասցեագրեց ու շարունակեց. - «Իրական գազի գները հետեւյալն են. 463.9 դոլար է նստում հանրապետության մեկ բնակչին գազ մատակարարելը: Այստեղ մի պադվոխա (խարդախ հնարք – խմբ.) կա, որովհետեւ պետք էր սուբսիդավորել բնակչին, որ գնի այդ գազը, այլ ոչ թե մատակարարին, որ վաճառի այդ գազը»:

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը փորձեց ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցող էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից պարզել, թե գազի գնի խոստացված 30 տոկոս սուբսիդավորումը Հայաստանը ի՞նչ միջոցներով է իրականացնելու` պետական բյուջեի՞ց, ա՞յլ աղբյուրներից, թե՞ վարկ է վերցնելու: Այդ սուբսիդավորումը, հիշեցնենք, կկատարվի սահմանին:

Էներգետիկայի նախարարն ասաց` քանի որ բանակցությունները ռուսական կողմի հետ շարունակվում են, չի կարող աղբյուրները բացահայտել:

Բայց Ազգային ժողովի հանրապետական նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սուբսիդավորումը պետական բյուջեի միջոցներով չի իրականացվելու:

Իշխանությունը չի թաքցնում, որ գազի գնի բարձրացումը կհանգեցնի այլ թանկացումների: Ռոբերտ Նազարյանը, օրինակ, հաշվարկել է, որ մոտ 11 դրամով կարող է բարձրանալ նաեւ հեղուկ գազի գինը, որով, հիշեցնենք, աշխատում է երթուղային տրանսպորտի հիմնական մասը:

Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը եւս մեկ անգամ ասաց, որ ռուսական գազի այլընտրանքը ավելի թանկ իրանականն է, բայց ցանկացած պահի կարող ենք Իրանից գազ գնել, գազատարի տրամաչափը բավարար է Հայաստանի համար. - «Իրանական գազատարը միշտ աշխատունակ վիճակում է»:
XS
SM
MD
LG